Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մայիսի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008150

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

8 ապրիլի 2008 թ. թիվ 112-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2008 թվականի հունիսի 16-ից շրջանառության մեջ դնել «Ուիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակը» ոսկե, «Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը» արծաթե, «Օպերայի և բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակը» արծաթե հուշադրամները:

2. 2008 թվականի հուլիսի 14-ից շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակը» ոսկե հուշադրամը:

3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները և ուրվագծերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Տ. Սարգսյան

2008 թ. ապրիլի 14

Երևան

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի ապրիլի 8-ի

թիվ 112-Ն որոշմամբ

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ՈՒԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ», «ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԸ», «ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 75-ԱՄՅԱԿԸ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ

1.1) «Ուիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակը» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անվանի անհատներին նվիրված հուշադրամների շարքում թողարկել է 10.000 դրամ անվանական արժեքով «Ուիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակը» ոսկե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի արտաքին շրջանակում տեղադրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2008» մակագրությունը: Ներքին շրջանակի մեջտեղում հայկական լեռների գրաֆիկական պատկերն է, որի վերևի աջ մասում պատկերված է արև և տեղադրված է «Իմ սիրտը լեռներում է» գրառումը: Լեռների ներքևի մասում տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը՝ 10000 ԴՐԱՄ:

Հուշադրամի դարձերեսի վրա պատկերված է Ուիլյամ Սարոյանի դիմանկարը, որի հետին պլանի վրա «ՈՒԻԼՅԱՄ 1908 1981 ՍԱՐՈՅԱՆ» շարունակական գրառումն է:

Հուշադրամը իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը`

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 900.0

Զանգվածը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 1000 հատ

1.2) «Ուիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակը» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

2.1) «Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անվանի անհատներին նվիրված հուշադրամների շարքում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսի արտաքին շրջանակում տեղադրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը: Ներքին շրջանակի ներքևի մասում պատկերված է աստղադիտակ, իսկ վերևի մասում ներկայացված է տիեզերքի սիմվոլիկ պատկերը: Շրջանակի ներքևի աջ մասում տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` 1000 ԴՐԱՄ, իսկ մեջտեղի ձախ մասում` հուշադրամի թողարկման տարեթիվը` 2008:

Հուշադրամի դարձերեսի վրա պատկերված է Վիկտոր Համբարձումյանի դիմանկարը, որի աջ մասում ներկայացված է արևային համակարգի մոլորակների սիմվոլիկ պատկերը, իսկ ձախ մասում և շրջանագծով տեղադրված է «Վիկտոր Համբարձումյան 1908 1996 Viktor Ambartsumian» գրառումը:

Հուշադրամը իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է պլաստմասսայե տուփի մեջ:

Ուրվագծերի հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 925.0

Զանգվածը 33,6 գ

Տրամագիծը 40,0 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

2.2) «Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

3.1) «Օպերայի և բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակը» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 1000 դրամ անվանական արժեքով «Օպերայի և բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակը» արծաթե հուշադրամը շարունակում է հայկական մշակույթին և արվեստին նվիրված հուշադրամների թեմատիկ շարքը:

Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ֆոնի վրա: Արձանի մեջտեղի մասում տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` 1000 ԴՐԱՄ: Արտաքին շրջանակում տեղադրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2008» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսի արտաքին շրջանագծով տեղադրված է «ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆ» մակագրությունը: Հուշադրամի աջ մասում թատրոնի վարագույրի պատկերն է: Հուշադրամի ներքին շրջանակը պայմանականորեն բաժանված է չորս մասի` որտեղ պատկերված են երաժշտական գործիքներ, տեսարան Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից և երկու շարքով տեղադրված է «75 ամյակ» մակագրությունը:

Հուշադրամը իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է պլաստմասսայե տուփի մեջ:

Ուրվագծերի հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 925.0

Զանգվածը 33,6 գ

Տրամագիծը 40 մմ

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

Տպաքանակը 500 հատ

3.2) «Օպերայի և բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակը» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

4.1) «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակը» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 10.000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ՝ նվիրված ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակին:

Հուշադրամի դիմերեսի արտաքին շրջանակում մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 2008»: Ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի տակ տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` 10000 ԴՐԱՄ:

Հուշադրամի դարձերեսի մեջտեղի մասում պատկերված է Թեմիսի արձանը և երկու շարքով տեղադրված է «10 ամյակ» մակագրությունը: Շրջանակի աջ և ձախ մասերում համապատասխանորեն տեղադրված են «ՎՃՌԱԲԵԿ» և «ԴԱՏԱՐԱՆ» բառերը:

Հուշադրամը իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում։

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը 10.000 դրամ

Մետաղը և հարգը ոսկի, 900.0

Զանգվածը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 500 հատ

4.2) «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հիմնադրման 10-ամյակը» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

Ակտի պատկեր
Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։