Հոդված 32. Զինծառայողներին արձակուրդի տրամադրումը
Հոդված 32. Զինծառայողներին արձակուրդի տրամադրումը
Զինծառայողներին, բացի ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է. մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար` 30 օր, 15-ից 25 տարի` 40 օր, 25 և ավելի տարիներ ծառայած զինծառայողների համար` 45 օր:
Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված զինծառայողներին տրամադրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ` 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով հրամանատարի (պետի) որոշմամբ զինծառայողին կարող է տրամադրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:
Ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին զինվորական ծառայության ողջ ժամանակաընթացքում տրամադրվում է արձակուրդ զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:
Հրամանատարի (պետի) որոշմամբ ժամկետային ծառայության զինծառայողներին կարող է տրամադրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից:
Զինծառայողների ամուսիններին, ըստ իրենց ցանկության, տարեկան արձակուրդը կարող է տրամադրվել ամուսնու արձակուրդի հետ միաժամանակ: