Հոդված 11
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Ա. Ընդունելիություն
94. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35 հոդվածի 3-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Այնուհետև նա նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է ճանաչվեն ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Դիմումատուի բողոքի շրջանակները
95. Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքների շրջանակներում 10-րդ հոդվածը պետք է դիտվի lex generalis 11-րդ հոդվածի նկատմամբ, lex speciallis: Հետևաբար, անհրաժեշտություն չկա առանձին քննարկելու 10-րդ հոդվածին առնչվող գանգատը (տե´ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի, 1991 թ. ապրիլի 26-ի վճիռը, Շարք Ա, թիվ 202, էջ 20, պարբ. 35):
96. Մյուս կողմից, չնայած իր ինքնուրույն դերին և կիրառելիության որոշակի ոլորտին, 11-րդ հոդվածը, սույն գործի հանգամանքների հաշվառմամբ, ևս պետք է քննարկվի 10-րդ հոդվածի լույսի ներքո: Անձնական կարծիքի պաշտպանությունը, որը երաշխավորվում է 10-րդ հոդվածի կողմից, հանդիսանում է 11-րդ հոդվածով սահմանված խաղաղ միավորումներ կազմելու իրավունքի նպատակներից մեկը (նույն տեղում, պարբ. 37):
2. Արդյոք եղել է միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը
97. Կառավարությունը ներկայացրել է, որ 11-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը միջամտություն չի եղել, քանի որ դիմումատուն ինքն է պնդել, որ չի մասնակցել խնդրո առարկա հանդիսացող հանրահավաքին: Համաձայն Կառավարության, դիմումատուն հեռու է գտնվել հանրահավաքից և միայն խուլիգանական դրդումներով է խոչընդոտել երթևեկությանը, որը ոչ մի կապ չի ունեցել դրա հետ: Նման գործողությունները, այնուամենայնիվ, չեն կարող անհրաժեշտ համարվել անձի խաղաղ հավաքների իրավունքի իրականացման համար:
98. Կառավարությունը այնուհետև պնդում է, որ գտնվելով հանրահավաքից հեռու և չմասնակցելով դրան, դիմումատուն կարող էր իրականացնել բացառապես խոսքի ազատության իրավունքը, իսկ ավելի հստակ` տեղեկություններ ստանալու իրավունքը, որը երաշխավորված է 10-րդ հոդվածով: Այնուամենայնիվ, այս իրավունքի իրականացմանը ևս որևէ միջամտություն չի եղել, քանի որ դիմումատուն առանց որևէ խոչընդոտի իրականացրել է տեղեկություններ ստանալու իր իրավունքը: Բոլոր դեպքերում, դիմումատուի նկատմամբ կիրառված պատասխանատվությունը կապված չէ 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացման հետ, քանի որ վերջինս դատապարտվել է ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով սահմանված մանր խուլիգանության համար:
99. Դիմումատուն պնդել է, որ կառավարության պնդումները, որ նա չի մասնակցել հանրահավաքին, հետևաբար, չէր կարող լինել խաղաղ հավաքների իրավունքի միջամտություն, հակասում է ներպետական դատարանի հետևություններին, որոնց համաձայն, ինքը հակահասարակական վարքագիծ է դրսևորել 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի ընթացքում: Եթե ինքը փակել է փողոցը, որը որևէ կապ չունի հանրահավաքի հետ, ինչպես պնդում է Կառավարությունը, ապա այս փաստը անմիջապես կբացահայտվեր քննություն իրականացնող անձանց կողմից և առանց որևէ կասկածի, կօգտագործվեր իր նկատմամբ հարուցված վարչական գործի շրջանակներում:
100. Դատարանը նշում է, որ ոստիկանության նյութերից և դատարանի որոշումից ակնհայտ է, որ դիմումատուն ձերբակալվել և դատապարտվել է հանրահավաքի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար, մասնավորապես` 2003 թ. ապրիլի 7-ին Մաշտոցի պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ: Համաձայն դատավորի եզրակացությունների, գործողությունները, որոնք հանգեցրել են դիմումատուի նկատմամբ պատիժ նշանակելուն, հանդիսացել են «ճանապարհային երթևեկությանը խոչընդոտելը» և «բարձր աղմկելը», որոնք նա կատարել է հանրահավաքի ընթացքում, ինչը դատարանի կարծիքով, հանդիսացել է հանրահավաքին նրա մասնակցության ուղղակի արդյունքը: Այսինքն, Կառավարության պնդումները, որ դիմումատուն չի մասնակցել հանրահավաքին և փակել է ճանապարհը, որը որևէ կապ չի ունեցել հանրահավաքի հետ, հիմնավորված չէ ներպետական մարմինների եզրակացություններում: Հետևաբար, դիմումատուն դատապարտվել է հանրահավաքի ընթացքում իր դրսևորած վարքագծի համար:
101. Դատարանը այնուհետև նշում է, որ որևէ հիմք չկա ենթադրելու, որ այս հանրահավաքը նախատեսված չէր որպես խաղաղ: Ավելին, գործում առկա ոչ մի նյութ չի հիմնավորում, որ այն եղել է արգելված կամ չարտոնված (տե´ս a contrario Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի (որոշում), թիվ 61821/00, 2004 թ. մայիսի 4) կամ, որ իշխանությունները փորձել են ցրել այն կամ հրահանգել են մասնակիցներին, ներառյալ դիմումատուին, հեռանալ, քանի որ հանրահավաքը ապօրինի է, կամ չարտոնված, կամ խոչընդոտում է երթևեկությանը (տե´ս a contrario Գ-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 13079/87, Հանձնաժողովի որոշում 1989 թ. մարտի 6, DR 60, էջ 256. Սթիլն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998 թ. սեպտեմբերի 23-ի վճիռը, Որոշումների և վճիռների տեղեկագիր, 1998-VII, էջ 2725, պարբ. 7, Լուկասն ընդդեմ Միացյալ Թագավորության, (որոշում), թիվ 39013/02, 2003 թ. մարտի 18): Կառավարությունը ևս նման հիմքեր չի ներկայացրել: Հետևաբար դատարանը եզրահանգում է, որ հանրահավաքը արգելված չէր: Միանալով դրան, դիմումատուն օգտվել է իր խաղաղ հավաքների իրավունքից և դրան հետևած դատապարտումը հանդիսացել է միջամտություն այդ իրավունքի իրականացմանը:
102. Դատարանը, համապատասխանաբար, եզրակացնում է, որ դիմումատուի դատապարտումը օրինական հանրահավաքին մասնակցելու համար, հանդիսանում է միջամտություն նրա խաղաղ հավաքների իրավունքի իրականացմանը:
3. Արդյոք միջամտությունը արդարացված էր:
103. Միջամտությունը կհանդիսանա հոդված 11-ի խախտում, եթե այն չլինի «նախատեսված օրենքով», չհետապնդի երկրորդ պարբերությամբ նախատեսված մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ, և չլինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներին հասնելու համար:
(ա) «Նախատեսված է օրենքով»
104. Կառավարությունը նշել է, որ եթե Դատարանը հանգի այն եզրակացության, որ առկա է եղել դիմումատուի խաղաղ հավաքների իրավունքի միջամտություն, ապա այդ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով: Դիմումատուն մի խումբ անձանց հետ փակել է Մաշտոցի պողոտան, և անելով դա, խախտել է հասարակական կարգը, որը ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածով որակվում է որպես մանր խուլիգանություն:
105. Դիմումատուն ներկայացրել է, որ այս արարքները չեն կարող դիտարկվել ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի շրջանակներում: Համաձայն այս հոդվածի` խուլիգանությունը նշանակում է հասարակական վայրերում անձին հասցված անցենզուր հայհոյանքը, քաղաքացիներին վիրավորական ձևով հետամտելը և նմանօրինակ այլ գործողություններ, որոնք խանգարում են հասարակական կարգը: Այնուամենայնիվ, երթևեկությանը խոչընդոտելը չի կարող համարվել արարք, որը նման է վերը թվարկված արարքներին:
106. Դատարանը հիշեցնում է, որ նորմը չի կարող դիտվել որպես «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար հստակությամբ, հնարավորություն տալով անձին, եթե անհրաժեշտ լինի պատշաճ խորհրդատվության օգնությամբ, տվյալ հանգամանքներում ողջամտության սահմաններում կանխատեսել այն հետևանքները, որ տվյալ գործողությունը կարող է հանգեցնել: Նշված հետևանքները պարտադիր չէ, որ կանխատեսելի լինեն բացարձակ որոշակիությամբ, փորձը ցույց է տալիս, որ դա անիրականանալի է: Կրկին, չնայած որոշակիությունը խիստ ցանկալի է, այն կարող է իր հետևից բերել չափից դուրս կարծրություն այն դեպքում, երբ օրենքը պետք է հնարավորություն ունենա համահունչ լինել փոփոխվող իրավիճակներին: Հետևաբար, շատ օրենքներ ձևակերպված են այնպիսի տերմիններով, որոնք առավել կամ նվազ չափով անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառելիությունը խնդիրներ են, որ վերաբերում են դրանց պրակտիկ կիրառությանը (տե´ս այլ նախադեպերի շարքում Ռեկվենյին ընդդեմ Հունգարիայի (ՄՊ) թիվ 25390/94, պարբ. 34, ՄԻԵԿ 1999‑III):
107. Սույն գործում դիմումատուն դատապարտվել էր համաձայն ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածի, որը նախատեսում է պատիժ, այլոց շարքում, այնպիսի արարքների համար, որոնք խախտում են հասարակական կարգը և քաղաքացիների անդորրը: Հաշվի առնելով այն բազմազանությունը, որ ներհատուկ է հասարակական կարգին առնչվող իրավախախտումներին` Դատարանը համարում է, որ այս նորմը ձևակերպված է բավարար ճշգրտությամբ, որպեսզի բավարարի հոդված 11-ով նախատեսված պահանջները: Այստեղից հետևում է, որ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով:
(բ) Իրավաչափ նպատակ
108. Կառավարությունը պնդել է, որ միջամտությունը անհրաժեշտ է եղել անկարգությունների կանխման և այլոց իրավունքների պաշտպանության համար, քանի որ դիմումատուն անձնապես ներգրավված է եղել հանրահավաքի ժամանակ հակաօրինական արարքների կատարման մեջ:
109. Դիմումատուն ժխտել է հանրահավաքի ժամանակ իր կողմից երթևեկությանը խոչընդոտելու փաստը: Նա նաև նշել է, որ եթե նույնիսկ ընդունենք, որ նա արել է դա, ապա այս արարքը իր էությամբ, հասարակական վտանգավորության աստիճանով և հնարավոր հետևանքներով, չի կարող վտանգավոր համարվել հոդված 11-ով պաշտպանված արժեքների համար և հետևաբար պահանջել պատժի կիրառում:
110. Դատարանը նկատի է առնում, որ ակնհայտ է, որ դիմումատուն ենթարկվել է պատժի արարքների համար, որոնք իշխանությունների կողմից որակվել են որպես հասարակական կարգը խախտող: Հետևաբար, միջամտությունը հետապնդում էր իրավաչափ նպատակ, այն է` «անկարգությունների կանխում»:
(գ) «Անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»
111. Կառավարությունը պնդում էր, որ միջամտությունը համաչափ էր, քանի որ նպատակ ուներ կանխելու դիմումատուի գործողությունները և խուսափել հասարակական անկարգությունից: Պայմանավորվող կողմերը ունեն հայեցողության ազատություն միջամտության անհրաժեշտության առնչությամբ, պայմանով, որ իշխանությունների կողմից ներկայացված պատճառները բավարար են:
112. Դիմումատուն պնդել է, որ ինքը չի կատարել որևէ հակաօրինական արարք 2003 թ. ապրիլի 7-ի հանրահավաքի ընթացքում և իր ձերբակալությունը և դատապարտումը հիմնականում նպատակ են ունեցել կանխել հանրահավաքներին իր հետագա մասնակցությունը, քանի որ ինքը հանդիսանում է ընդդիմադիր ակտիվիստ: Այս հանգամանքը հիմնավորվում է այն փաստով, որ հանրահավաքից մի քանի օր առաջ ոստիկանության բաժնի պետի տեղակալը պահանջել է, որպեսզի նա դադարեցնի հանրահավաքներին մասնակցելը:
113. Դիմումատուն նաև հղում էր կատարել իր նախորդ պնդումներին, համաձայն որոնց նա չէր կարող երթևեկությանը խոչընդոտած լինել քանի որ Մաշտոցի պողոտայի համապատասխան հատվածը լցված էր մոտ 30,000 հասնող մարդկանցով և երթևեկությունը արդեն դադարեցված էր ճանապարհային ոստիկանության կողմից, նախքան հանրահավաքի սկսվելը: Ավելին` հանրահավաքը շարունակվել է մինչև 19:00-ն և շարունակվել է երթով, որին ինքը չի մասնակցել: Այլ խոսքով, իշխանությունները չեն կարողացել հստակեցնել, թե ինչպիսի հակահասարակական արարքներ են կատարվել իր կողմից: Հանրահավաքների ժամանակ կարգախոսներ բղավելու միջոցով աղմկելը, մի իրավիճակում, երբ հազարավոր մարդիկ անում են նույն բանը, այն դեպքում, երբ չեն օգտագործվում անպարկեշտ արտահայտություններ, չի կարող համարվել որպես հակահասարակական:
114. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ հավաքների ազատության իրավունքը հանդիսանում է հիմնարար իրավունք ժողովրդավարական հասարակությունում և նման հասարակության հիմքերից մեկն է (տե´ս Գ-ն ընդդեմ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, վկայակոչված վերը, Ռաին, Ալմոնդը և «Նեգոշիեյթ Նաու»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 25522/94, Հանձնաժողովի որոշում 6 ապրիլի 1995, DR 81-Ա, էջ. 146): Այս իրավունքը, որի նպատակներից մեկը հանդիսանում է անձանց կարծիքի պաշտպանությունը, ենթակա է մի շարք սահմանափակումների, որոնք պետք է նեղ մեկնաբանություն ստանան և յուրաքանչյուր միջամտության անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով հաստատվի: Այն դեպքերում, երբ քննվում է, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակումները կարող են համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» Պայմանավորվող կողմերը ունեն որոշակի, բայց ոչ անսահման, հայեցողության ազատություն: Ամեն դեպքում Եվրոպական դատարանն է, որ վերջնական որոշում է կայացնում սահմանափակումների Կոնվենցիայի հետ համապատասխանության առնչությամբ և դա արվում է գնահատելով տվյալ գործի հանգամանքները (տե´ս Օսմանին և այլոք ընդդեմ Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն՝ Մակեդոնիայի (որոշում), թիվ 50841/99, 11 հոկտեմբերի 2001 թ.):
115. Դատարանը հիշեցնում է, որ հանրահավաքի ժամանակ բռնության հրահրելուն ուղղված գործողությունների համար դատապարտումը որոշ հանգամանքներում կարող է համարվել ընդունելի միջոց (նույն տեղում): Ավելին, չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար կիրառված պատժամիջոցները նմանապես համատեղելի են համարվել հոդված 11-ի երաշխիքների հետ (տե´ս Զիլիբերբերգ, վկայակոչված վերևում): Մյուս կողմից, խաղաղ հավաքին մասնակցելու իրավունքը, այնպիսի կարևորություն ունի, որ անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ այնպիսի, որ գտնվում է վարչական պատասխանատվությունների սանդղակի ամենացածր տեղերում, այն բանի համար, որ մասնակցել է չարգելված հանրահավաքի, եթե իհարկե այս անձը ինքը այդ ընթացքում չի կատարել որևէ դատապարտելի արարք (տե´ս Էզելին, վկայակոչված վերևում, էջ 23, պարբ. 53):
116. Դատարանը նշում է, որ սույն գործում, ի հակադրություն Էզելինի գործի, դիմումատուն ենթարկվել է ավելի խիստ պատժի, այն է` երեքօրյա ազատազրկման հանրահավաքի ժամանակ հետևյալ արարքները կատարելու համար` «երթևեկությանը խոչընդոտելու» և «աղմկելու», ինչպես դա նշված է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2003 թ. ապրիլի 7-ի որոշման մեջ: Ո´չ այս որոշումը, և ո´չ էլ ոստիկանության կողմից պատրաստված նյութերը, չեն պարունակում որևէ այլ մանրամասներ, թե ինչ պայմաններում են այս արարքները կատարվել: Մյուս կողմից, ոստիկանության զեկույցից պարզ է դառնում, որ փողոցը, որտեղ տեղի է ունեցել հանրահավաքը, լցված է եղել մեծ քանակությամբ մարդկանցով (տե´ս վերը, պարբ. 11), և Կառավարությունը չի առարկել, որ երթևեկությունը ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է եղել մինչև հանրահավաքի սկսվելը (տե´ս վերը, պարբ. 8): Ավելին, ինչպես վերը արդեն նշվել է, իշխանությունները որևէ փորձ չեն կատարել ցրելու հանրահավաքի մասնակիցներին, քանի որ նրանք խոչընդոտում են երթևեկությանը (տե´ս վերը, պարբ. 101): Այստեղից հետևում է, որ «երթևեկությանը խոչընդոտելը», ինչի համար դիմումատուն մեղավոր է ճանաչվել, հանդիսացել է նրա ֆիզիկական ներկայությունը հանրահավաքին, որը անցկացվել է մի փողոցում, որի երթևեկությունը արդեն իսկ նախապես դադարեցված էր իշխանությունների կողմից, օրինական հանրահավաքի անցկացման համար պայմաններ ապահովելու ակնհայտ նպատակով: Ինչ վերաբերում է դիմումատուի աղմկելուն` չկա որևէ փաստարկ, որ այս աղմկելը պարունակել է որևէ անպարկեշտ արտահայտություն կամ բռնության հրահրում: Դատարանը այնուամենայնիվ գտնում է, որ դժվար է պատկերացնել որևէ լայնամասշտաբ քաղաքական հանրահավաք, որի ընթացքում մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, առանց որոշակի քանակի աղմուկ առաջացնելու:
117. Վերոգրյալը հաշվի առնելով, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն պատժվել է սոսկ խնդրո առարկա հանրահավաքին ներկա գտնվելու և ակտիվություն ցուցաբերելու համար, այլ ոչ թե դրա ընթացքում որևէ հակաօրինական, բռնի կամ անպարկեշտ գործողություն կատարելու համար: Այս առնչությամբ, Դատարանը գտնում է, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքի էությանը վնաս կհասցվի, եթե պետությունը չարգելելով հանրահավաքը, այնուամենայնիվ պատժամիջոցներ կիրառի, հատկապես նման խիստ պատժամիջոցներ, դրա մասնակիցների նկատմամբ սոսկ հանրահավաքին գալու համար, երբ չի կատարվել որևէ դատապարտելի արարք, ինչպես տեղի է ունեցել դիմումատուի գործում: Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ միջամտությունը դիմումատուի խաղաղ հավաքների ազատության իրավունքին չի հանդիսացել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
118. Համապատասխանաբար, առկա է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 7-Ի ՀՈԴՎԱԾ 2-Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
119. Դիմումատուն նաև պնդել էր, որ չի ունեցել հնարավորություն բողոքարկելու 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը: Դատարանը որոշեց քննել այս գանգատը Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 7-ի հոդված 2-ի ներքո, որը ունի հետևյալ ձևակերպումը`
«1. Քրեական հանցագործություն կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից: Այդ իրավունքի իրականացումը, ներառյալ դրա իրականացման հիմքերը, կարգավորվում է օրենքով:
2. Այդ իրավունքից կարող են բացառություններ արվել օրենքով սահմանված աննշան հանցագործությունների առնչությամբ…»:
Ա. Ընդունելիություն
120. Դատարանը հիշեցնում է, որ այն դեպքերում, երբ իրավախախտումը համարվում է քրեական բնույթ ունեցող, ինչը ենթադրում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ամբողջական կիրառելիությունը, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի է նաև Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով ամրագրված երաշխիքները նույնպես (տե´ս Գուրեպկա, վկայակոչված վերը, պարբ. 55): Սույն գործում Կոնվենցիայի հոդված 6-ը համարվեց կիրառելի խնդրո առարկա վարույթի նկատմամբ (տե´ս վերը, պարբ. 60): Հետևաբար, Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածը նմանապես կիրառելի է սույն գործում:
121. Այդ պատճառով դատարանը այս գանգատը հայտարարում է ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննություն
122. Կառավարությունը կրկնել է նախնական առարկություններում բերված իր փաստարկները և նշել է, որ դիմումատուն իրավունք է ունեցել ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված կարգով միջնորդելու, որ իրեն պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերանայվի:
123. Դիմումատուն նույնպես կրկնեց իր առարկությունները, որ նա ներկայացրել էր Կառավարության նախնական առարկություններին ի պատասխան և նշեց, որ 2003 թ. ապրիլի 7-ի որոշումը կարող էր բողոքարկվել միայն դատախազի կողմից:
124. Դատարանը նախ նշում է, որ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել համաձայն ՎԻՎՕ-ի, որը նախատեսում է պատժամիջոցներ այնպիսի իրավախախտումների համար, որոնք ներպետական օրենսդրությամբ չեն պատկանում քրեական հանցագործությունների ոլորտին: Այս հանգամանքը կարող է հարց առաջացնել, թե արդյո՞ք այն իրավախախտումը, որի համար դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է աննշան հանցագործություն, թե` ոչ, և հոդվածում ամրագրված բացառությունը պետք է տարածվի դրա վրա: Դատարանը հիշեցնում է, որ նախկինում Հանձնաժողովը «աննշան հանցագործություն» է համարել Ավստրիայի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված «դատարանում կարգուկանոնի դեմ ուղղված իրավախախտումը», որի համար նախատեսված էր 100,000 Ավստրիական շիլինգ տուգանք, կամ, եթե դա անհրաժեշտ է կարգուկանոնի պահպանման համար, առավելագույնը 8-օրյա ազատազրկում (տե´ս Պատցն ընդդեմ Ավստրիայի, թիվ 18892/91, Հանձնաժողովի որոշում, 3 դեկտեմբերի 1993, DR 76-Ա, էջ 51): Սույն գործում դիմումատուն ենթարկվել է երեքօրյա կալանքի: Սակայն, ՎԻՎՕ-ի 172-րդ հոդվածը, որի համաձայն կիրառվել էր պատասխանատվությունը, նախատեսում էր առավելագույնը 15-օրյա ազատազրկում: Դատարանը գտնում է, որ 15-օրյա կալանքը բավականին խիստ պատիժ է, որպեսզի չհամարվի «աննշան հանցագործություն» Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով:
125. Դատարանը հիշեցնում է, որ Պայմանավորվող կողմերը սկզբունքորեն ունեն հայեցողության լայն ազատություն որոշելու համար, թե Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ինչպես պետք է իրականացվեն: Որոշ պետություններում, բողոքարկել ցանկացող անձից կարող է պահանջվել դրա համար թույլտվություն ստանալ: Սակայն բողոքարկման իրավունքի ներպետական օրենսդրությամբ նախատեսված ցանկացած սահմանափակում, ինչպես Կոնվենցիայի հոդված 6-ի 1-ին մասով ամրագրված դատարանի մատչելիության իրավունքի դեպքում, պետք է հետապնդի իրավաչափ նպատակ և չվնասի այդ իրավունքի էությանը (տե´ս Կրոմբախ, վկայակոչված վերևում, պարբ. 96, Գուրեպկա, վկայակոչված վերևում, պարբ. 59):
126. Դատարանը հիշեցնում է վերը նշված իր որոշումը, որ ՎԻՎՕ-ի 294-րդ հոդվածով նախատեսված վերանայման ընթացակարգը անձին չի ընձեռում բողոքարկելու հստակ և մատչելի իրավունք (տե´ս վերը, պարբ. 40-42): Այս հոդվածը նախատեսում է վերադաս դատարանի նախագահի իրավունք վերանայելու որոշումը, լինի դա անձի խնդրանքով թե` առանց դրա, որը, ավելին` չունի որևէ հստակ ձևակերպված ընթացակարգ կամ ժամկետներ և չկա դրա կիրառության հետևողական պրակտիկա: Դատարանի կարծիքով, վերանայման նման հնարավորությունը չի կարող համարվել Կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածին համապատասխան: Այստեղից հետևում է, որ դիմումատուն իր տրամադրության տակ չի ունեցել բողոքարկման այնպիսի ընթացակարգ, որը կհամապատասխաներ այս հոդվածի պահանջներին:
127. Համապատասխանաբար տեղի է ունեցել այս հոդվածի խախտում:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀՈԴՎԱԾ 41-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
128. Կոնվենցիայի հոդված 41-ը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
129. Ընդհանուր առմամբ դիմումատուն պահանջել է 2,250,000 ՀՀ դրամ (ՀԴ) գումար (խնդրո առարկա ժամանակահատվածում մոտ 3,570 եվրո) որպես նյութական վնասի փոխհատուցում: Մասնավորապես` նա պնդում է, որ պայմանագիր էր ստորագրել մի շինարարական կազմակերպության հետ 2003 թ. փետրվարի 12-ից մայիսի 12-ը, որպես էլեկտրատեխնիկ աշխատելու համար, որի համար պետք է վարձատրվեր օրական 5,000 ՀԴ չափով (մոտ 8 եվրո): Ոստիկանության ապրիլի սկզբին սկսված հետապնդումների, ազատազրկման և դրան հաջորդած դեպրեսիայի պատճառով, նա չի կարողացել աշխատանքի ներկայանալ և կորցրել է այն, կրելով 250,000 ՀԴ-ի վնաս (մոտ 396 եվրո): Ավելին, վերջին երկուսուկես տարիների ընթացքում, նա չի կարողացել աշխատանք գտնել ընդդիմության ակտիվիստ հանդիսանալու պատճառով, ինչի պատճառով կրել է 2,000,000 ՀԴ-ի վնաս (մոտ 3,174 եվրո): Դիմումատուն նաև փոխհատուցում է պահանջել ոչ-նյութական վնասի համար, դրա չափի որոշման հարցը թողնելով Դատարանի հայեցողությանը:
130. Կառավարությունը առարկել է այս պահանջին: Նյութական վնասի առնչությամբ նշելով, որ չկա պատճառահետևանքային կապ ենթադրյալ խախտման և պահանջվող գումարի միջև: Դիմումատուն գործազուրկ էր 2003 թ. հունվարի 24-ից, այն օրվանից, երբ նա գրանցվել էր աշխատանքի տեղավորման գործակալությունում, և նրա ազատազրկումը բացարձակապես որևէ ազդեցություն չի ունեցել նրա գործազրկության վրա: Ինչ վերաբերում է շինարարական կազմակերպության հետ կնքած պայմանագրին` դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որ կհիմնավորեր նման պարտավորության գոյությունը և ենթադրյալ վարձավճարի չափը: Ոչ նյութական վնասի առնչությամբ կառավարությունը պնդել է, որ խախտման արձանագրումը բավարար կլինի, հաշվի առնելով, որ դիմումատուն չի որոշակիացրել, թե ինչ բարոյական վնաս է նա կրել և չի ներկայացրել փոխհատուցման համապատասխան հաշվարկ:
131. Դատարանը նշում է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց, որը կհիմնավորեր, որ նա չի կարողացել կատարել պայմանագրային պարտավորությունները և վնաս է կրել` իրեն պատասխանատվության ենթարկելու պատճառով, ինչպես օրինակ ենթադրյալ աշխատանքային պայմանագրի պատճենը: Ինչ վերաբերում է պահանջվող նյութական վնասի մնացած մասին` Դատարանը համաձայն է Կառավարության հետ այն հարցում, որ չկա պատճառահետևանքային կապ արձանագրված խախտման և պահանջված գումարի միջև, հետևաբար պահանջը մերժվում է: Մյուս կողմից, Դատարանը գտնում է, որ դիմումատուն անկասկած կրել է ոչ նյութական վնաս հանրահավաքին մասնակցելու համար անարդար դատաքննության արդյունքում պատասխանատվության ենթարկվելու, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն չունենալու, ինչի արդյունքում նա ազատազրկվել էր 3-օրյա ժամկետով: Հետևաբար, Դատարանը` գործելով արդարացիության սկզբունքին համապատասխան, որոշում է դիմումատուին տրամադրել 3,000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Բ. Ծախսեր և ծախքեր
132. Դիմումատուն այս առնչությամբ պահանջ չի ներկայացրել
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
133. Դատարանը ընդունելի է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքը, որին պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ, ԴԱՏԱՐԱՆԸ
1. Միաձայն հայտարարում է ընդունելի գանգատները, որոնք վերաբերում են անաչառ դատարանի կողմից արդարացի և հրապարակային դատաքննության բացակայությանը, պաշտպան ունենալու իրավունքի խախտմանը, խաղաղ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքներին միջամտությանը և վարչական պատիժ նշանակող որոշումը բողոքարկելու հնարավորության բացակայությանը. համապատասխան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (բ) և (գ) կետերի, հոդվածներ 10-11-ի և Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 7-ի հոդված 2-ի, և անընդունելի է հայտարարում գանգատի մնացած մասը:
2. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում դիմումատուի անաչառ դատարանի կողմից արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի առնչությամբ:
3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի խախտում:
4. Վճռում է, հինգ ձայն ընդդեմ երկուսի հարաբերակցությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի խախտում:
5. Միաձայն վճռում է, որ կարիք չկա քննելու գանգատը Կոնվենցիայի հոդված 10-ի ներքո:
6. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի հոդված 11-ի խախտում:
7. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիային կից Արձանագրություն թիվ 7-ի հոդված 2-ի խախտում:
8. Միաձայն վճռում է,
(ա) որ պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի հոդված 44-ի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո, երեք ամսվա ընթացքում, դիմումատուին պետք է վճարի 3.000 եվրո (երեք հազար եվրո), որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, փոխարկված պատասխանող պետության ազգային արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը:
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը, պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար, գումարած երեք տոկոս:
9. Միաձայն մերժեց դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 15 նոյեմբերի 2007 թ.՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի կանոն 77-ի 2-րդ և 3-րդ մասերի:
Սանտիագո Քուեսադա
Քարտուղար Բ. Զուպանչիչ,
Նախագահ
Համաձայն Կոնվենցիայի հոդված 45-ի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի կանոն 74-ի 2-րդ մասի, Տկն Է. Ֆուրա-Սանդստրոմի չհամընկնող կարծիքը, որին միացել է նաև Պրն Բ.Մ. Զուպանչիչը, կցվում է սույն վճռին:
Բ.Մ.Զ.
Ս.Ք.
ԴԱՏԱՎՈՐ ՖՈՒՐԱ-ՍԱՆԴՍՏՐՈՄԻ ՄԱՍՆԱԿԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ, ՈՐԻՆ ՄԻԱՑԵԼ Է ՆԱԵՎ ԴԱՏԱՎՈՐ ԶՈՒՊԱՆՉԻՉԸ
1. Չհամաձայնելով մեծամասնության հետ, ես կարծում եմ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի զուգակցությամբ 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի խախտում, քանի որ դիմումատուն ստիպված է եղել ինքնուրույն պաշտպանվել, առանց դատապաշտպանի օգնության, Մայրերի օրվա առիթով Երևանում կազմակերպված հանրահավաքին մասնակցելուց հետո:
2. Վիճարկման առարկա չէ, որ դիմումատուն հրաժարվել է իր պաշտպան ունենալու իրավունքից` ստորագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, փաստ, որը նա հետագայում հաստատել է դատարանում: Դիմումատուն իր ստորագրությունը դրել է այդ հատվածում, հաստատելով որ տեղեկացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների վերաբերյալ և ավելացրել է. «Ես չեմ ցանկանում պաշտպան ունենալ»: Նաև, համաձայն դատական նիստի արձանագրության, դատավորը դիմումատուին բացատրել է իր իրավունքները: Դիմումատուն նշել է, որ ինքը տեղյակ է իր իրավունքների մասին և չի ցանկանում պաշտպան ունենալ (տե´ս վճռի 14-րդ և 20-րդ պարբերությունները):
3. Մեծամասնության հետ միասին ես նույնպես կարծում եմ, որ այս իրավունքից այս կարգի հրաժարումը պետք է հաստատված լինի հստակ ձևով և պետք է զուգորդվի նվազագույն երաշխիքներով, որոնք համապատասխանում են դրա կարևորությանը: Այնուամենայնիվ ես կուզենայի նաև նշել, որ նախկինում, իրավունքից հրաժարվելու օրինականությունը քննելիս, Դատարանը հաշվի էր առել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` այլոց շարքում, արդյո՞ք դիմումատուի կատարած ընտրությունը եղել է ազատ, ոչ երկիմաստ և որևէ արտաքին հանգամանք դրա վրա ազդեցություն չի ունեցել (տե´ս Թոմսոնն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 36256/97, պարբ. 44, 15 հունիս 2004 թ.) և արդյո՞ք դիմումատուն գիտակցել է իր գործողության հետևանքները (տե´ս Բոնևն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 60018/00, պարբ. 41, 8 հունիս 2006 թ.):
4. Ես նաև կարծում եմ, որ չնայած այն հանգամանքին, որ դիմումատուն որոշակիորեն հրաժարվել է պաշտպան ունենալու իր իրավունքից, այն հանգամանքները, որոնց արդյունքում այս հրաժարումը տեղի է ունեցել, մնում են անորոշ և հանդիսանում են կողմերի միջև առկա վեճի էությունը: Այն փաստը, որ դիմումատուն հրաժարվել է պաշտպան ունենալուց, եթե նույնիսկ հրաժարումը եղել է հստակ և գրավոր, դեռևս չի նշանակում, որ նրա հրաժարումը տեղի չի ունեցել ոստիկանության աշխատակիցների կողմից ինչ որ ձևի ճնշման կամ խաբեության հետևանքով: Այն դեպքում, երբ բացակայում է Կառավարության դիրքորոշումը հաստատող օբյեկտիվ որևէ ապացույց, ես կուզենայի մատնանշել Hսman Rights Watch Briefing Paper-ը, որպես այդպիսի օբյեկտիվ տեղեկատվություն, որը պարունակում է նախագահական ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից, մասնավորապես` ոստիկանության կողմից, վարչական վարույթի չարաշահումների մանրակրկիտ նկարագրություն (տե´ս վճռի 32-րդ պարբերությունը):
5. Պաշտպանի ծառայություններից օգտվելու իրավունքը հանդիսանում է իր դեմ ցուցմունք չտալու արտոնության մի մասը, որը Ամերիկյան տեսության մեջ հայտնի է որպես «Միրանդայի օրենքը»: Այն բնութագրվել է որպես «հստակ գծի» կանոն (որից այն կողմ ոչ ոք իրավունք չունի անցնելու) և նպատակ ունի ընդմիշտ վերացնել հարկադրանքը, բայց թույլ է տալիս ճնշումը: Կանոնի նպատակն է չեզոքացնել այն որոշակի հոգեբանական աննպաստ վիճակը, որում գտնվում են կասկածյալները ոստիկանության հետ շփումների ժամանակ: Մեր առջև գտնվող գործը ցույց է տալիս, թե ինչու է այդքան կարևոր դրա պահպանումը:
6. Ես կուզենայի ուշադրություն հրավիրել Briefing Paper-ի համապատասխան գլուխների վրա, որոնք նկարագրում են ոստիկանության կողմից կիրառվող մեթոդները և ստեղծված խոչընդոտները, նպատակ ունենալով ընդդիմության ակտիվիստներին զրկելու իրավաբանական պաշտպանությունից, որոնք համընկնում են դիմումատուի կողմից ներկայացված դեպքերի նկարագրությանը: Նմանատիպ տեղեկատվություն է պարունակում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան զեկույցը (տե´ս վճռի 29-31 պարբերությունները):
7. Ավելին, պետք է նաև նկատի ունենալ, որ դիմումատուն հետևողական է եղել դեպքերի իր նկարագրության մեջ` ներկայացնելով նույնաբովանդակ բողոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական ՀԿ-ներից մեկին, իրեն պատասխանատվության ենթարկելուց մի քանի օր անց (տե´ս վճռի 22-րդ պարբերությունը):
8. Վերջապես, պետք է նկատի առնել Դատարանի եզրակացությունը, որ դիմումատուին չի տրամադրվել բավարար ժամանակ ողջամտորեն գնահատելու իր դեմ ներկայացված մեղադրանքները, որը իմ կարծիքով ներառում է նաև պաշտպան ունենալու անհրաժեշտության գնահատում:
9. Վերը նշված բոլոր հանգամանքները, չնայած բավարար չէին Դատարանի համար եզրակացնելու, որ դիմումատուն, ինչպես ինքն է նշում «խաբեությամբ» է դրդվել հրաժարվել պաշտպանից, այնուամենայնիվ ստիպում են ինձ լրջորեն կասկածել, որ դիմումատուի հրաժարումը իսկապես կամավոր է եղել, և որ նա ամբողջովին գիտակցել է այդ հրաժարումի իրավական հետևանքները:
10. Հետևաբար, ես չեմ կարող այս հրաժարումը համարել օրինական Կոնվենցիայի տեսանկյունից: Գալով այս եզրակացության, և հիմնվելով նույն հանգամանքների վրա ես համարում եմ, որ դիմումատուին, նախքան դատական նիստի սկսվելը, որը տևել է ընդամենը հինգ րոպե, չի ընձեռվել իրական հնարավորություն որոշելու, թե արդյոք կա պաշտպան ներգրավելու անհրաժեշտություն, և եթե այո` ընտրել և վարձել նրան:
11. Վերոգրյալը հաշվի առնելով և նաև այն փաստը, որ դիմումատուի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետի վերաբերյալ ներկայացրած գանգատը սերտորեն կապված է, և մասամբ արդյունք է իր 6-րդ հոդվածի 3-րդ մասի (բ) կետի ներքո ներկայացված գանգատի (տե´ս վճռի 84-88 պարբերությունները), ես գտնում եմ, որ խախտվել է նրա դատապաշտպանի օգնությամբ պաշտպանվելու իրավունքը: