Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-12-րդ մասերով.

«6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված դեպքի:

7. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:

8. Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կատարվում է նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, բացառությամբ վերադրոշմավորման կամ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորման դեպքերի: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրոշմավորման համար պատասխանատու է ներմուծողը:

9. Ակցիզային դրոշմանիշերը կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար.

բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին:

11. Վերադաս մաքսային մարմինն ուսումնասիրում է ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու մասին դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում ակցիզային դրոշմանիշեր տրամադրելու մասին: Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում, մեկօրյա ժամկետում:

Ակցիզային դրոշմանիշերը ներմուծողին տրամադրվում են 90-օրյա ժամկետով: Վերադաս մաքսային մարմինը մինչև 90-օրյա ժամկետի ավարտն օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օր:

Ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար դիմումը մերժվում է, եթե ներմուծողը թերի է ներկայացրել սույն կետով նախատեսված փաստաթղթերը, կամ նրա մոտ կան դրոշմանիշեր, որոնց օգտագործման մասին հաշվետվությունը սահմանված ժամկետում չի ներկայացվել վերադաս մաքսային մարմին, կամ կան դրոշմանիշեր, որոնց վերադարձման ժամկետը լրացել է, և չի իրականացվել օրենքով սահմանված պարտադիր վճարների կատարումը:

Վերադաս մաքսային մարմինն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու դիմումը կարող է մերժել, եթե ներմուծողի մոտ առկա են նախկինում ձեռք բերված ծխախոտի արտադրանքի 5 միլիոն հատը և ալկոհոլային խմիչքի 300 հազար հատը գերազանցող ակցիզային դրոշմանիշեր:

12. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ, բացառությամբ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։