Հոդված 105. Ֆոնդային բորսան: Ընդհանուր դրույթներ
Հոդված 105. Ֆոնդային բորսան: Ընդհանուր դրույթներ
1. Ֆոնդային բորսան ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի վրա տարածվում են սույն օրենքի IX գլխի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Ֆոնդային բորսան սույն օրենքով, Հանձնաժողովի որոշմամբ և իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերի հրապարակային առևտուր՝ արժեթղթերի գնանշում, դրանց հիման վրա գործարքների կնքում, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):
Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու արտարժույթի հրապարակային առևտուր միայն արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով:
Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու ֆոնդային այլ ապրանքների հրապարակային առևտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:
Ֆոնդային բորսան ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում կնքված գործարքների վերջնահաշվարկի կատարման հարցում կարող է հանդես գալ որպես կողմերի գործակալ:
3. Ֆոնդային բորսան Հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար:
4. Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու և անցկացնելու արժեթղթերի շուկայի վերաբերյալ ուսումնական դասընթացներ, ինչպես նաև մասնագիտական որակավորման քննություններ, եթե վերջինս սույն օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով պատվիրակվել է տվյալ ֆոնդային բորսային:
Ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնելու Հանձնաժողովի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) թույլատրված լրացուցիչ այնպիսի գործունեություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործառույթների իրականացման համար:
Ֆոնդային բորսան իրավունք չունի իրականացնելու սույն հոդվածում չնախատեսված որևէ այլ գործունեություն:
5. Հանձնաժողովում, սույն օրենքին համապատասխան, որպես ֆոնդային բորսա չգրանցված անձին կամ անձանց խմբին արգելվում է «ֆոնդային բորսա» բառակապակցությունը, դրա հոլովված ձևերը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում, բացառությամբ, եթե`
ա) արգելված գործողությունները կատարելու միակ նպատակը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա ֆոնդային բորսայի ստեղծումն է, և
բ) 30-օրյա ժամկետում Հանձնաժողովին է ներկայացվում որպես ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության սույն օրենքով նախատեսված գրանցման դիմումը:
(105-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-179-Ն)