Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը` հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
Ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում.
2) ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը.
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.
1) ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ`
ա) իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց համար մաքսատուրքի դրույքաչափն օրենքով սահմանված է զրո տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն ազատված է ԱԱՀ-ից»: