Հոդված 6. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը
Հոդված 6. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը
1. Գերատեսչությունը, պետական ռեգիստրից հայտն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում, անցկացնում է փորձաքննություն և որոշում է հայտի և գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին: Եթե հայտը և ֆիրմային անվանումը համապատասխանում են սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանումը գրանցելու մասին և պետական ռեգիստրի հայտի ստացման օրվանից մեկօրյա ժամկետում տալիս է համապատասխան որոշում:
2. Հայտի քննարկման ընթացքում, մինչև ֆիրմային անվանման գրանցման վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն կարող է փոփոխություններ կատարել ներկայացված հայտում: Այդ դեպքում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է փոփոխությունը կատարելու օրվանից:
3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա գերատեսչությունը որոշում է կայացնում ֆիրմային անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին մերժման հիմնավորմամբ սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում ծանուցում է պետական ռեգիստրին: Պետական ռեգիստրը մերժումն ստանալու օրվանից մեկօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին:
4. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ (այսուհետ` բողոքարկման խորհուրդ):
5. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:
6. Փորձաքննության որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
7. (կետն ուժը կորցրել է 03.04.01 ՀՕ-168)
8. Ֆիրմային անվանումը գրանցելու մասին որոշումն ընդունելուց հետո գերատեսչությունը ֆիրմային անվանումը գրանցում է ֆիրմային անվանումների գրանցման` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում:
9. Ֆիրմային անվանման գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ` թվական) սահմանվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով:
10. Ֆիրմային անվանումը գրանցվում է հայերեն:
11. Պետական գրանցամատյանում գրանցվում է ֆիրմային անվանումը, գրանցման համարը և թվականը, հայտի համարը, հայտատուի հասցեն:
12. Մինչև իրավաբանական անձի պետական գրանցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, պետական գրանցամատյանում գրանցված ֆիրմային անվանումն ստանում է ժամանակավոր պահպանություն:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.04.01 ՀՕ-168)