Հոդված 2. Ֆիրմային անվանումը
Հոդված 2. Ֆիրմային անվանումը
1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո իրավաբանական անձն իրականացնում է իր գործունեությունը և զանազանվում այլ իրավաբանական անձանցից:
2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն:
3. Ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև իրավաբանական անձի գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեության բնույթը բնորոշող բառեր, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա հիմնադիրները կամ մասնակիցները համարում են անհրաժեշտ:
4. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)` ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը:
5. Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի դրա գործունեության հիմնական նպատակի մասին: