Հոդված 15. Հարկման ընդհանուր կարգից պարզեցված հարկով հարկման և պարզեցված հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը
Հոդված 15. Հարկման ընդհանուր կարգից պարզեցված հարկով հարկման և պարզեցված հարկով հարկումից հարկման ընդհանուր կարգին անցումը
1. Պարզեցված հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:
2. ԱԱՀ-ով հարկման ընդհանուր կարգի անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
3. Պարզեցված հարկման կարգից սույն հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) պարզեցված հարկի գումարում ներառված շահութահարկի (եկամտահարկի)` սույն օրենքի 8 հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարի հիման վրա` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
4. Սույն օրենքի 6 հոդվածի 2-րդ կետի համաձայն պարզեցված հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում` կանխավճարները և ԱԱՀ-ն հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
5. Եթե անձը տվյալ տարվա մի մասի ընթացքում համարվել է պարզեցված հարկ վճարող, ապա հարկման ընդհանուր կարգին անցնելիս շահութահարկի (եկամտահարկի) դրույքաչափը որոշվում է տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հաշվարկված հարկի գումարի կազմում շահութահարկի (եկամտահարկի) սույն օրենքի 8 հոդվածով որոշվող համամասնությամբ որոշվող հարկի գումարին համապատասխանող հաշվարկային շահույթի (եկամտի)` «Շահութահարկի մասին» կամ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված սանդղակներով:
6. Հարկ վճարողը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը կարող է նվազեցնել պարզեցված հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Պարզեցված հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:
7. Պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հարկ վճարողների ձեռք բերած ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատանքի վարձատրության համար կատարած ծախսերը:
8. Պարզեցված հարկ վճարողները վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9. Պարզեցված հարկ վճարողները սույն օրենքով սահմանված հաշվառումից բացի կարող են հարկման նպատակով այլ հաշվառում չվարել:
(15-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-131, 14.12.01 ՀՕ-284, փոփ. 14.12.04 ՀՕ-182-Ն)