Հոդված 29. Եկամտահարկի կանխավճարները
Հոդված 29. Եկամտահարկի կանխավճարները
1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա տասնհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ:
4. Այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող, կարող է եկամտահարկի հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտահարկի գումարի հաշվարկումը հարկատուն եկամտահարկի կանխավճարումները առաջին անգամ (մինչև մարտի 15-ը) կատարում է նախորդ տարվա վերջին` կանխավճարի չափից ոչ պակաս:
5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամուտների հաշվարկման) օրը:
6. Հարկատուն հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, հաշվարկում է եկամտահարկի գումարը դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:
7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը, բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
(29-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-148-Ն)