Անցնել բովանդակությանը

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ 1925 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

1925 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան 3 դեկտեմբերի 2004 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1925 թվականի հունիսի 10-ին Ժնևում ընդունված` Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ. 1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1925 թ. հունիսի 10-ին` Ժնևում:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1927 թ. ապրիլի 1-ից:

2. Կոնվենցիան նախատեսում է, որ այն վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավոր է`

- մասնագիտական հիվանդության հետևանքով անաշխատունակ դարձած անձանց կամ այդ հիվանդություններից մահվան դեպքում ապահովել նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցումը` արտադրական պատահարների փոխհատուցման վերաբերյալ օրենսդրության ընդհանուր սկզբունքներին համապատասխան, և այդ փոխհատուցման չափը չի կարող ցածր լինել օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման գումարի չափից,

- մասնագիտական հիվանդություններ համարել 2 հոդվածի աղյուսակում նշված նյութերից (կապար, սնդիկ և դրանց համաձուլվածքներ ու միացություններ, սիբիրյան խոցի մանրէ) առաջացած հիվանդություններն ու թունավորումները, որոնք ազդում են վերոհիշյալ աղյուսակում համապատասխանաբար նշված առևտրի և արտադրության ճյուղերում զբաղված աշխատողների վրա և համարվում են օրենսդրությամբ նախատեսված մասնագիտական հիվանդություններ:

3. Ըստ կոնվենցիայի` կազմակերպության յուրաքանչյուր անդամ իր օրենսդրությամբ մասնագիտական հիվանդությունների փոխհատուցումը կարգավորող պայմաններ սահմանելիս և այդ հիվանդությունների նկատմամբ արտադրական պատահարների վերաբերյալ օրենսդրությունը կիրառելիս կարող է, ըստ անհրաժեշտության, կատարել փոփոխություններ և համապատասխանեցումներ:

4. Կոնվենցիայում նախատեսված են նաև դրույթներ դրա ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի, չեղյալ հայտարարելու և կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Կոնվենցիան կնքված է երկու բնօրինակով` ֆրանսերեն և անգլերեն:

6. Սահմանադրական դատարանը քննության ընթացքում պարզեց, որ քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից վերանայվել է Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին 1934 թ. հունիսի 4-ի և Արտադրական վնասվածքների դեպքում նպաստների մասին 1964 թ. հունիսի 17-ի կոնվենցիաներով:

1934 թ. հունիսի 4-ի և քննության առարկա կոնվենցիաների դրույթները և դրանցով նախատեսված պարտականությունների շրջանակը համարժեք են: Միակ էական տարբերությունը կայանում է նրանում, որ 1934 թ. հունիսի 4-ի կոնվենցիայում ընդլայնվել է մասնագիտական հիվանդությունների և վտանգավոր աշխատանքների ցանկը:

1964 թ. հունիսի 17-ի կոնվենցիան, ներառելով 1934 թ. հունիսի 4-ի և քննության առարկա կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունները, ընդլայնում է մասնագիտական հիվանդությունների ցանկը, ամրագրում է մասնագիտական հիվանդություններ ստացած անձանց և դրանցից մահացած անձանց խնամքի տակ գտնվողների մի շարք իրավունքներ, ինչպես նաև կանոնակարգում է փոխհատուցումների վճարման կարգն ու պայմանները:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1964 թ. հունիսի 17-ի կոնվենցիան, ամրագրելով պարտավորությունների ավելի լայն շրջանակ, միաժամանակ այն Պայմանավորվող կողմերին, որոնց տնտեսությունը և բժշկական ծառայությունները անբավարար են զարգացած, իրավունք է վերապահում ժամանակավորապես բացառել այդ կոնվենցիայով նախատեսված առանձին դրույթների գործողությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. 1. 1925 թվականի հունիսի 10-ին Ժնևում ընդունված` Մասնագիտական հիվանդությունների դեպքում աշխատողների փոխհատուցման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Նախագահող

Վ. Հովհաննիսյան

3 դեկտեմբերի 2004 թվականի

ՍԴՈ-535

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։