Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Հիմնական պարտականությունները և գործառույթները
ա) Սույն Պայմանագրի շրջանակներում Կառավարչի կողմից իրականացված բոլոր գործողությունները և մատուցած ծառայությունները կատարվում են Ընկերությունների անունից:
բ) Կառավարիչը պատասխանատու է սպասարկման գոտու բոլոր հին և նոր բաժանորդներին տրամադրվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով ապահովելու և բարելավելու համար:
գ) Կառավարիչը պարտավոր է կառավարել և ապահովել տեխնիկական միջոցների ու ենթակառուցվածքների շահագործումը և պահմանումը, խմելու ջրի արտադրությունը, փոխադրումը և բաշխումը, ինչպես նաև կեղտաջրերի հավաքումը, փոխադրումը և հեռացումն իրականացնելը:
դ) Կառավարիչը պետք է ապահովի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վարձավճարների, հաշվարկման և հավաքման աշխատանքների և սպառողներին սպասարկելու գործառույթների իրականացումը:
ե) Կառավարիչը պետք է ապահովի բոլոր բաժանորդների մոտ վարկի հաշվին գնված ջրաչափերի տեղադրման և նորմատիվային գանձման համակարգից ջրաչափման հիման վրա հաշվարկված գանձման համակարգին անցնելու ծրագրերը՝ գործող օրենսդրության համաձայն իրականացումը:
զ) Կառավարիչը պետք է գնահատի և առաջարկի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների համար գանձվող սակագները, վճարները և այլ վարձերը՝ ջրօգտագործման չհաշվառվող և հաշվառվող ծավալների համար:
է) Կառավարիչը պետք է ապահովի անձնակազմի վերապատրաստումը՝ նրանց աշխատանքային կարողությունների կատարելագործման համար:
ը) Կառավարիչը պետք է կիրառի կառավարման համար նախատեսված ամեն մի Ընկերությանը հատուկ տեղեկատվական, սպառողների սպասարկման և հաշվապահական հաշվառման ժամանակակից համակարգեր՝ բարելավելով և զարգացնելով ընկերությունների կողմից արդեն կիրառվող համակարգերը կամ, անհրաժեշտության դեպքում, մշակելով և ներդնելով նորերը:
թ) Կառավարիչը պետք է պլանավորի և ներդրումներ կատարի շահագործման և պահպանման աշխատանքների համար՝ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, եթե դրանք ֆինանսավորվում են Ընկերությունների սեփական միջոցներից կամ ՋՏՊԿ-ից:
ժ) Սույն հավելվածում ներկայացված աշխատանքների ցանկով սահմանվում են կառավարչից ակնկալվող ծառայությունները: Այդ ցանկը սպառիչ չէ, և կարող է անհրաժեշտություն առաջանալ դրանում ընդգրկել նաև լրացուցիչ գործառույթներ: Կառավարիչը, անհրաժեշտ համարելու դեպքում, նույնպես կարող է առաջարկել լրացուցիչ գործառույթներ՝ ելնելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում նմանատիպ պայմանագրերի իրականացման արդյունքում ձեռք բերած իր նախկին փորձից:
ժա) Կառավարիչը ծառայությունները պետք է իրականացնի կատարողական ցուցանիշների համաձայն, մոնիտորինգ իրականացնի կատարողական ցուցանիշների նկատմամբ և ապահովի ակնկալվող արդյունքները, որոնք ներկայացված են Հավելված 6-ում :
2.2 Կառավարում և ադմինիստրացիա
Ընկերությունների ընդհանուր կառավարումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) ստանձնի ջրամատակարարման համակարգերի տեխնիկական, ֆինանսական և աշխատակազմի ղեկավարման ամբողջական պատասխանատվությունը և կառավարումը,
բ) բարելավի ջրամատակարարման համակարգերի կառուցվածքը և աշխատանքային գործընթացը,
գ) մշակի և կիրառի կառավարման տեղեկատվական մեխանիզմներ ներառյալ ֆինանսական կառավարումը և աշխատանքային տեղեկատվությունը՝ օգտագործելով համապատասխան համակարգչային համակարգեր:
Ընկերությունների Աշխատակազմի կառավարումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) մշակի աշխատանքային նկարագրեր և որակավորման չափորոշիչներ,
բ) գնահատի աշխատակիցների որակավորումը, աշխատանքային փորձը, ինչպես նաև դասընթացների անհրաժեշտությունը,
գ) մշակի և կիրառի աշխատակիցների խրախուսավճարներ,
դ) օպտիմալացնի յուրաքանչյուր ընկերության աշխատողների թվաքանակը` համաձայն ընդունված բիզնես պլանի,
ե) իրականացնի նոր պաշտոնների համար տեղական և արտասահմանյան մասնագետների ներգրավում՝ օգտագործելով ընտրության թափանցիկ եղանակ,
զ) կազմակերպի և իրականացնի տեխնիկական բաժինների աշխատակիցների տեղական և/կամ արտասահմանյան դասընթացներ հետևյալ ոլորտներում՝ ցանցի ստուգման տեխնոլոգիաներ և ցանցի աշխատանքի օպտիմալացում, հոսակորուստների հայտնաբերում և վերացում, ջրարտադրության սարքավորումների, ջրամբարների, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի աշխատանք և պահպանում, բնակարանային միացումներ, ջրաչափերի տեղադրում և պահպանում, ջրաչափերի ցուցմունքների ընթերցման, ջրամատակարարման ընդհատման և վերականգնման տեխնոլոգիաներ,
է) կազմակերպի և իրականացնի առևտրային և ֆինանսական բաժինների աշխատակիցների տեղական և արտասահմանյան դասընթացներ հետևյալ ոլորտներում. բաժանորդների տվյալների բազայի պահպանում, հասույթի, հավաքագրման և վճարումների իրականացում, տվյալների ձեռքբերում Կառավարման Տեղեկատվական Համակարգի համար, աշխատավարձի հաշվարկ, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում:
Ընկերությունների առևտրային կառավարումը և սպառողների սպասարկումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) հարցման ընտրովի եղանակով ընտրված բաժանորդների մոտ պարբերաբար անցկացնի ջրամատակարարման իրավիճակի ուսումնասիրություն՝ ջրօգտագործման հետ կապված առանձին հարցեր պարզելու և ծառայությունների նորմերի ու սակագների վերաբերյալ բաժանորդների կարծիքն իմանալու նպատակով, որոնք անհրաժեշտ են ջրամատակարարման ծառայությունների որակի բարելավման, կայուն և հուսալի ջրամատակարարման ռազմավարություն մշակելու համար,
բ) վարի և լրամշակի տվյալների բազա՝ ըստ համապատասխան խմբերի դասակարգելով բոլոր միացումները, ջրաչափերը և բաժանորդներին,
գ) իրականացնի հիմնական միջոցների գույքագրում և գնահատի դրանց հաշվապահական արժեքը,
դ) վերլուծի ընթացիկ սակագնային կառուցվածքը և մշակի ծախսերի փոխհատուցման սակագնային համակարգ՝ հատուկ պայմաններ սահմանելով սպառողների կարիքավոր խավերի համար և ներկայացնի այն հաստատման,
ե) պատրաստի առաջարկներ սակագների վերաբերյալ և ներկայացնի դրանք հաստատման,
զ) մշակի և կիրառի վճարումների հավաքագրման արդյունավետ համակարգ և դրանց կիրառման ընթացակարգեր,
է) մշակի և իրականացնի բաժանորդների իրազեկման և տեղեկատվական աշխատանքներ, որոնց միջոցով սպառողներին և հանրությանը բացատրվի սակագների փոփոխման, գանձման մեխանիզմների բարելավման, վարձերի վճարման կարգապահության, հոսակորուստների կրճատման անհրաժեշտությունը,
ը) իր հսկողության տակ վերցնի նոր միացումներ կատարելու գործընթացը, ինչպես նաև տների սեփականատերերի կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միանալու նպատակով նոր ջրագծերի կառուցումը,
թ) հսկողության տակ վերցի մեծածախ հիմունքներով ջրամատակարարման գործընթացը և նվազեցնի գերսպառման ծավալները,
ժ) վերացնի ապօրինի միացումները և օրինականացնի դրանք,
Ընկերությունների ֆինանսական կառավարումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) մշակի և վարի հաշվապահական հաշվառման ընդհանուր մատյան և ծախսերի հաշվառման համակարգ, որը կապահովի ընկերությունների ֆինանսական ներքին կարիքների ավելի լավ տեղեկատվություն, վերլուծությունների և որոշումների ընդունում,
բ) առանձնացնի խմելու ջրի արտադրության և մեծածախ հիմունքներով մատակարարման, ջրաբաշխման ծառայությունների և ջրահեռացման ծառայությունների ծախսերի հաշվառումը,
2.3 Շահագործում և պահպանում
Խմելու ջրի մատակարարման ծառայությունների որակը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) ապահովի բաժանորդներին տրվող ջրի օրական մինիմալ գրաֆիկը՝ ջրի հետ կապված հիմնական կարիքները հոգալու համար և պայմանագրի տևողության ընթացքում աստիճանաբար ավելացնի օրական ջրամատակարարման ժամերը, Հավելված 6-ում տրված կատարողական ցուցանիշների շրջանակներում,
բ) ապահովի կապտաժների և այլ ջրընդունիչ կառուցվածքների հուսալի պաշտպանվածությունը և բաժանորդներին մատակարարվող ջրի ախտահանումը՝ դրա անվտանգությունն ապահովելու համար,
գ) մշակի և իրականացնի սպառողների անվտանգության ապահովման ծրագրեր, մասնավորապես ջրի աղտոտման հետևանքով առաջացող հիվանդությունների, համաճարակների բռնկման հավանականությունը նվազեցնելու, դրանք հայտնաբերելու և կանխելու համար,
դ) ապահովի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ժամանակին տրամադրումը նոր բաժանորդներին,
ե) մշակի և իրականացնի ջրի որակի հսկողության և պահպանման ծրագիր:
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ընդհանուր շահագործումը և պահպանումը բարելավելու համար կառավարիչը պետք է.
ա) մշակի և իրականացնի վերանորոգման ծրագիր և համապատասխան վերապատրաստման դասընթացներ կազմակերպի տեխնիկական անձնակազմի համար,
բ) մշակի և իրականացնի աշխատանքի անվտանգության պաշտպանության համապարփակ ծրագիր և կազմակերպի համապատասխան ուսումնական դասընթացներ:
գ) ստեղծի տեխնիկական բաժիններ, ներառյալ վերանորոգման բավարար գույքով արհեստանոցներ:
Ջրի արտադրության և փոխադրման համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կառավարիչը պետք է.
ա) մշակի և իրականացնի հոսակորուստների հայտնաբերման ծրագիր, ինչպես նաև ջրառի ծավալների նվազեցման ծրագիր, վերացնի աղբյուրներից մինչև բաշխիչ ցանցերը ձգվող ջրատարների հոսակորուստները՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ,
բ) մշակի և իրականացնի ծրագրեր, որոնք ուղղված են ջրամատակարարման պրոբլեմներ ունեցող բնակավայրերում ջրի սեզոնային անբավարարության հետ կապված դժվարությունների լուծմանը՝ համագործակցելով ոռոգման կազմակերպությունների հետ
գ) մշակի և իրականացնի պոմպակայաններում և մաքրման կայաններում էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման մոնիտորինգային ծրագիր:
Բաշխիչ համակարգերի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կառավարիչը պետք է.
ա) մշակի և իրականացնի ՕԿՋ-ների լվացման, սանիտարական պահպանության և վերանորոգման ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են KfW-ի ներդրումային ծրագրերով,
բ) մշակի և իրականացնի հոսակորուստների հայտնաբերման և վերացման, ինչպես նաև խողովակները նորերով փոխարինելու ծրագիր,
գ) մշակի և իրականացնի ջրամատակարարման ցանցերի կառավարման ծրագիր՝ ցանցերում համապատասխան ճնշման ապահովման և հոսակորուստների նվազեցման նպատակով, մասնավորապես և անհրաժեշտության դեպքում՝ բաշխիչ ցանցերի գոտիավորման և սեկտորիզացման միջոցով (որոնք ֆինանսավորվում են KfW-ի ներդրումային ծրագրերով)
դ) պատրաստի, լրամշակի և ներդնի աշխատանքային ներքին ընթացակարգ՝ խմելու ջրի ցանցերի համակարգչային քարտեզների պարբերաբար նորացման համար:
Կեղտաջրերի հավաքման, փոխադրման և հեռացման համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացման համար կառավարիչը պետք է.
ա) շահագործի և պահպանի գործող ցանցերը, կոլեկտորները և մաքրման կայանները կեղտաջրերի հավաքում, հեռացում և մաքրում իրականացնելու համար,
բ) մշակի և իրականացնի ջրահեռացման ցանցերի և կոլեկտորների մաքրման և վթարների անհապաղ վերացման ծրագիր, մասնավորապես կոյուղագծերի վթարների հետևանքով խմելու ջրի աղտոտման և էկոլոգիական աղետի վտանգից խուսափելու համար,
գ) պատրաստի, լրամշակի և ներդնի աշխատանքային ներքին ընթացակարգ ջրահեռացման ցանցերի և կոլեկտորների համակարգչային քարտեզների պարբերաբար նորացման համար,
դ) պատրաստի աշխատանքային և պահպանման պլաններ և KfW կողմից ֆինանսավորվող ներդրումների ուսումնասիրություն (գործելով որպես գործատու),
ե) իրականացնի ներդրումների պլանավորում՝ ներդրումների երկրորդ փուլի համար,
զ) մշակի բացթողումների վերացման ուղեցույց և իրականացնի մոնիտորինգ:
2.4 Հաշվետվություններ ներկայացնելը
Շահագործման գործընթացի կառավարման և ադմինիստրատիվ վերահսկողության բարելավման նպատակով կառավարիչը պետք է.
ա) կազմի և վարի ամսական գրառումներ, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ Կառավարումը վերահսկելու և պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելու համար,
բ) հանդիպումներ ունենա Ջրային տնտեսության պետական կոմիտեի (ՋՏՊԿ) հետ առնվազն ամիսը մեկ անգամ, կամ անհրաժեշտության դեպքում, շահագործման և ֆինանսական գործունեության արդյունքներն ու ռազմավարական պլանները, ինչպես նաև այլ խնդիրներ քննարկելու համար:
Հավելված 3
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ (ՕԲՅԵԿՏՆԵՐԻ) ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՎԵԼՎԱԾ 4
Սպասարկման գՈտու նկարագրությունը
Հավելված 4-ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 2. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ
Առդիր 1. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ
Առդիր 2. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ