Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1038.1-րդ հոդվածով.
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1038.1-րդ հոդվածով.
«Հոդված 1038.1. Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկությունները
1. Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիների կողմից համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Համատեղ գործունեության պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Եթե, պայմանագրի համաձայն, մասնակիցների կողմից պետք է ներդրվեն անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման: Նոտարական կարգով վավերացված պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից, իսկ պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:
3. Պարզ գրավոր ձևով (առանց նոտարական վավերացման) կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները (կողմերը), որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատել համայնքի ղեկավարը:
4. Համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք կամ այլ ներդրման) տեսակները, արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, ավանդի օգտագործման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող և մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը (պայմանագրով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույք նախատեսված լինելու դեպքում) իրականացնող անձինք և նրանց անձնագրային տվյալները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաև օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ:
5. Համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Համատեղ գործունեության պայմանագիրը չի լուծվում, կամ պայմանագրի գործողությունը չի դադարում սույն օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրի կողմ մնում է միայն մեկ մասնակից: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը:»: