Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.
1) կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար.
2) պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները.
3) կրթական ծրագիր` կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը.
4) ուսումնական հաստատություն` կառույց, որն իրականացնում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան.
5) մանկապարտեզ` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն.
6) հանրակրթական դպրոց` հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.
7) վարժարան` ավանդական և այլընտրանքային մանկավարժական մեթոդների զուգորդմամբ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) իրականացնող ուսումնական հաստատություն: Վարժարանը կարող է իրականացնել նաև հիմնադրի առաջարկած և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած մանկավարժական գիտափորձը.
8) կրթահամալիր` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում.
8.1) արհեստագործական ուսումնարան՝ ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.
9) քոլեջ, ուսումնարան` ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է միջին մասնագիտական կրթական ծրագիր.
10) համալսարան` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը.
11) ինստիտուտ` բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության և մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր և գիտական ուսումնասիրություններ.
12) ակադեմիա (ուսումնական)` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտում կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմանը, իրականացնում է որոշակի ճյուղի (բնագավառի) բարձր որակավորման մասնագետների պատրաստումը և վերաորակավորումը, հետբուհական կրթական ծրագրերը.
13) կոնսերվատորիա` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը և հետբուհական կրթական ծրագրերի իրականացմանը.
14) մասնաճյուղ` ուսումնական հաստատության տարածքային առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ տարբեր կրթական ծրագրեր.
15) ուսումնական կենտրոն` ուսումնական հաստատություն, որն իրականացնում է նախնական ու լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրեր.
16) լիցենզավորում` ուսումնական հաստատության գործունեության թույլտվության գործընթաց.
17) ատեստավորում` ուսումնական հաստատության գործունեության և նրա շրջանավարտների պատրաստման որակի, բովանդակության և մակարդակի գնահատում` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան.
18) պետական հավատարմագրում` պետության կողմից` պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումը.
18.1) արհեստագործ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
19) կրտսեր մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.
21) դիպլոմավորված մասնագետ` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
22) մագիստրոս` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` երկամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
23) հետազոտող` հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
24) ինտերն` բարձրագույն բժշկական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բժշկական բարձրագույն կրթական ծրագրերն ավարտած և առնվազն մեկ տարվա հետբուհական ուսուցում ստացած անձանց.
25) կլինիկական օրդինատոր` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան, որը շնորհվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց` երկուսից մինչև հինգ տարվա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.
26) էքստեռն (այսուհետ` դրսեկություն)` ինքնակրթությամբ և ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ամփոփիչ ատեստավորման եղանակով իրականացվող կրթության ձև:
(3-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, 09.10.01 ՀՕ-237, լրաց., փոփ., խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն)