Հոդված 14. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
Հոդված 14. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթը
1. Սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակում չկատարելու արդյունքում, ինչպես նաև Աշխատակազմում պետական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առաջանալու դեպքերում այդ պաշտոններն զբաղեցվում են բաց մրցույթով (այսուհետ նաև՝ մրցույթ), բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Աշխատակազմում պետական ծառայության բարձրագույն թափուր պաշտոններ զբաղեցնելու համար Ազգային ժողովի նախագահը, իսկ Աշխատակազմում պետական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոնների համար՝ Աշխատակազմի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում են մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացնում են սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծված մրցութային հանձնաժողովները, իսկ անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Աշխատակազմը:
4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Մրցույթն անցկացվում է մեկ` թեստավորման փուլով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հարցազրույցի միջոցով:
7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
2) պետական ծառայության առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.
3) Աշխատակազմի գործառույթներին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն:
Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի:
Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան: Հարցերի (խնդիրների) ճիշտ պատասխանները հրապարակման ենթակա չեն և պահպանվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով:
Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Թեստավորման փուլում հաղթող են ճանաչվում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանած և առավելագույն միավորներ հավաքած մինչև 3 մասնակիցներ: Եթե առավելագույն միավորներ հավաքել են 3-ից ավելի մասնակիցներ, ապա հաղթող են ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած բոլոր մասնակիցները:
8. Թեստավորման փուլի արդյունքներով մեկից ավելի հաղթող ճանաչվելու դեպքում տվյալ թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասի պայմաններին համապատասխան, իսկ դրանում նշված բոլոր պայմանների հավասարության դեպքում՝ սույն հոդվածի իններորդ մասով սահմանված հարցազրույցի արդյունքներով:
9. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է Աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու և մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով:
Հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
Հարցազրույցի արդյունքում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր փակ գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
10. Մրցույթի արդյունքները պաշտոնապես հրապարակվում են մրցույթի արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո:
11. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` նույն օրը, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին տալիս է եզրակացություն: Եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին, սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով, նշանակում է համապատասխան պաշտոնում:
12. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, կամ դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա Աշխատակազմում պետական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:
13. Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար հայտարարված բաց մրցույթներին Աշխատակազմի պետական ծառայողները կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:
14. Սույն օրենքի հիման վրա փակ և բաց մրցույթների անցկացման կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: