Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 18. Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորումը

գործել է մինչև 2009-07-25Բացել ARLIS-ում

Հոդված 18. Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորումը

1. Յուրաքանչյուր տարի Աշխատակազմում պետական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Աշխատակազմում պետական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Աշխատակազմում պետական ծառայողի արտահերթ ատեստավորում կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Աշխատակազմում պետական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի գրավոր, պատճառաբանված որոշման հիման վրա կամ պետական ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է Աշխատակազմում պետական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող Աշխատակազմում պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող՝ Աշխատակազմում պետական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Աշխատակազմում պետական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև Աշխատակազմում ժամանակավոր անաշխատունակ պետական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա Աշխատակազմում պետական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է Աշխատակազմում պետական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ Աշխատակազմում պետական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում Աշխատակազմում պետական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում Աշխատակազմում պետական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից՝ ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա Աշխատակազմում պետական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Աշխատակազմում պետական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

10. Աշխատակազմում այն պետական ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված պետական ծառայության առավելագույն դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

11. Աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորումն անցկացնում են սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովները:

12. Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովներն ընդունում են հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

13. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են Աշխատակազմում պետական այն ծառայողները՝

1) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովներն ընդունել են սույն հոդվածի տասներկուերորդ մասի 2-րդ կետում նշված որոշումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքներն ամփոփում են ատեստավորման հանձնաժողովները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Ատեստավորման հանձնաժողովները թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում են հետևյալ որոշումներից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դասային աստիճան.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով.

4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովների որոշումները պարտադիր են պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց համար:

15. Աշխատակազմում պետական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք մինչև այդ արդյունքները՝ Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելը:

16. Ատեստավորման արդյունքներն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացվում են Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) Աշխատակազմում պետական ծառայողին պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան շնորհելու կամ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասու մարմնին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.

2) Աշխատակազմում պետական ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.

3) Աշխատակազմում պետական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում կայացվում է նաև, եթե Աշխատակազմում պետական ծառայողը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:

17. Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:

Աշխատակազմում պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը Աշխատակազմում պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրանց աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում:

18. Սույն օրենքի հիման վրա Աշխատակազմում պետական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։