Հոդված 30. Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 30. Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները գերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն:
2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը պետք է բացատրություն պահանջվի կարգապահական խախտում թույլ տված Աշխատակազմում պետական ծառայողից:
Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:
Կարգապահական տույժի մասին Աշխատակազմում պետական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
Եթե Աշխատակազմում պետական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված:
Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը` որպես սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակ:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերն Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: