Հոդված 34. Աշխատակազմում պետական ծառայության կառավարման և ղեկավարման մարմինները
Հոդված 34. Աշխատակազմում պետական ծառայության կառավարման և ղեկավարման մարմինները
1. Աշխատակազմում պետական ծառայության կառավարման մարմինն Ազգային ժողովի նախագահն է:
2. Ազգային ժողովի նախագահը՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննում է Աշխատակազմում պետական ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումները և բողոքները.
2) Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմից նշանակում է նախագահ և քարտուղար.
3) հաստատում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը.
4) համաձայնություն է տալիս Աշխատակազմում պետական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև պաշտոնից ազատելու դեպքերում.
5) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
3. Աշխատակազմում պետական ծառայության ղեկավարման մարմինն Աշխատակազմի ղեկավարն է, որն ապահովում է Աշխատակազմում պետական ծառայության կայունությունը:
Աշխատակազմի ղեկավարը պետական ծառայող է, որը պաշտոնում նշանակվում է սույն օրենքով սահմանված կարգով:
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակված անձը, սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերի բացակայության դեպքում, անփոփոխելի է:
Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով, Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
4. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները դադարեցվում են, եթե՝
1) նա դիմում է այդ մասին.
2) լրացել է նրա 65 տարին.
3) նա ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
5) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող.
6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
7) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
5. Սույն հոդվածով նախատեսված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով Աշխատակազմի կառավարման և ղեկավարման մարմինները կարող են ստեղծել խորհրդակցական մարմիններ: