Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) Աշխատակազմում պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով և քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ իրականացվող մասնագիտական գործունեություն (այսուհետ` նաև պետական ծառայություն).
2) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.
3) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պետական ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.
4) Աշխատակազմում պետական ծառայող՝ Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձ (այսուհետ նաև՝ պետական ծառայող).
5) Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող Աշխատակազմում պետական ծառայողի համար սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար Աշխատակազմում պետական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև Աշխատակազմում պետական ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.
6) Աշխատակազմում պետական ծառայության դասային աստիճան՝ Աշխատակազմում պետական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.
7) Աշխատակազմի ղեկավար՝ Աշխատակազմի ղեկավարման և Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների և այլ աշխատանքներ կատարող անձանց գործունեության համակարգման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ.
8) Աշխատակազմում պետական ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոններին Աշխատակազմում պետական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.
9) Աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստում՝ Աշխատակազմում պետական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործում՝ սույն օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի իմաստով` Աշխատակազմում պետական ծառայողներ չեն համարվում Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների խորհրդականները, մամուլի քարտուղարները, օգնականները և ռեֆերենտները, Ազգային ժողովի պատգամավորի օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խմբերի փորձագետները (մասնագետները), ինչպես նաև տեխնիկական սպասարկման և պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք։ Այդ անձանց հաստիքները ներառվում են Աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ այդ հաստիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Աշխատակազմի կանոնադրությամբ:
(4-րդ հոդվածը լրաց. 27.11.08 ՀՕ-213-Ն)