Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

040.0502.09.06.01

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 հունիսի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2001 թվականի N 502

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը (կցվում է):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունիսի 9-ի N 502 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների (այսուհետև` աշխարհագրական օբյեկտների անվանումներ) հաշվառման ու գրանցման, պետական քարտադարանի ստեղծման և վարման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումները (այսուհետև` աշխարհագրական անվանումներ) հաշվառվում ու գրանցվում են դրանց կանոնավորման, միօրինականացման, օգտագործման, ինչպես նաև նշված անվանումների մասին պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:

3. Աշխարհագրական անվանումները հաշվառվում և գրանցվում են հայերենով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետև` կադաստրի պետական կոմիտե) կողմից: Աշխարհագրական անվանումները հաշվառվում և գրանցվում են ավանդական (թղթային) և էլեկտրոնային եղանակներով:

4. Աշխարհագրական օբյեկտներ են`

մայրցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտներ,

պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,

երկաթուղային կայանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցներ,

փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ ներբնակավայրային օբյեկտներ:

5. Հաշվառման համար հիմք են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքի` 1:10000, 1:25000, 1:50000, 1:100000, 1:200000, 1:500000 և 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզները և 1:500, 1:1000, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հատակագծերը,

բ) ընդհանուր և թեմատիկ բառարաններում, ցանկերում և ցուցակներում ընդգրկված աշխարհագրական անվանումները,

գ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված աշխարհագրական անվանումները.

դ) տեղագրական, աշխարհագրական, երկրագիտական, ազգագրական, պատմական և այլ ուսումնասիրություններում, գիտական աշխատություններում օգտագործված աշխարհագրական անվանումները.

ե) քարտեզագրական աշխատանքների կատարման ժամանակ բացահայտված աշխարհագրական անվանումները.

զ) դաշտային հետազոտությունները, տեղազննման աշխատանքները, բանավոր և գրավոր հարցումները:

(5-րդ կետը փոփ. 11.02.10 N 101-Ն)

6. Հաշվառման արդյունքում ստացված տվյալները լրացվում են համապատասխան ձևաթղթերում, որոնց ձևը սահմանվում է կադաստրի պետական կոմիտեի կողմից: Լրացված հաշվառման ձևաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով)` հաշվառված աշխարհագրական օբյեկտների անվանումների գրանցման մասին եզրակացություն ստանալու համար:

7. Հաշվառված աշխարհագրական անվանումներն արտացոլվում են 1:25000 մասշտաբի տեղագրական քարտեզների թերթերի կամ դրանց պատճենների վրա: Եթե քարտեզի մասշտաբը հնարավորություն չի տալիս արտացոլելու տվյալ վայրի բոլոր աշխարհագրական անվանումները, ապա թույլատրվում է օգտագործել սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղագրական քարտեզները և հատակագծերը:

(7-րդ կետը փոփ. 11.02.10 N 101-Ն)

8. Գրանցման մատյանները վարվում են մարզերով՝ ըստ աշխարհագրական օբյեկտների տեսակների:

(8-րդ կետը լրաց. 11.02.10 N 101-Ն)

9. Գրանցման մատյանում գրանցվում են աշխարհագրական անվանումների մասին հետևյալ տվյալները`

ա) աշխարհագրական օբյեկտի անվանումը,

բ) աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը,

գ) աշխարհագրական օբյեկտի անվանման ծածկագիրը,

դ) աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը),

ե) աշխարհագրական օբյեկտի անվանակոչման և անվանափոխման համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը,

զ) աշխարհագրական օբյեկտի աշխարհագրական կոորդինատները,

է) քարտեզի այն թերթի (թերթերի) համարը (համարները), որի (որոնց) վրա պատկերված է տվյալ աշխարհագրական օբյեկտը,

ը) այլ տվյալներ:

10. Աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման աշխատանքները կատարվում են անընդհատ` հաշվառման և գրանցման տվյալների հիման վրա` կատարված փոփոխություններն արտացոլելով հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և քարտեզներում (հատակագծերում):

11. Աշխարհագրական օբյեկտների անվանումների հաշվառման և գրանցման տվյալների էլեկտրոնային տարբերակը հավաքվում է կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բանկում:

(11-րդ կետը փոփ. 11.02.10 N 101-Ն)

12. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվության տրամադրումը բաց է:

Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին տեղեկատվությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, օտարերկրյա իրավաբանական անձինք և քաղաքացիները:

13. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը (այսուհետ՝ պետական քարտադարան) բաղկացած է յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի էլեկտրոնային քարտից (անձնագրից), որտեղ տեղադրված է օբյեկտի վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը։

Քարտերն ամփոփվում են ըստ մարզերի և համայնքների։

(13-րդ կետը խմբ. 11.02.10 N 101-Ն)

14. Հաշվառման ձևաթղթերում, գրանցման մատյաններում և պետական քարտադարանում պարունակվող տվյալները պահպանվում և թարմացվում են էլեկտրոնային տարբերակներով, իսկ տրամադրվում են ավանդական (թղթային) կամ էլեկտրոնային տարբերակներով։

(14-րդ կետը խմբ. 11.02.10 N 101-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 11.02.10 N 101-Ն)

16. Աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությունը նախապատրաստվում է պետական քարտադարանի տվյալների հիման վրա և հրատարակվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների պաշտոնական տեղեկատուի (գազետիր), բառարանների և տեղեկատուների տեսքով:

(կարգը փոփ., լրաց., խմբ. 11.02.10 N 101-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։