Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 20

գործել է մինչև 2010-12-04Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներին համապատասխան հաշվարկային փաստաթղթում (բացառությամբ կրճատ հաշիվ-ապրանքագրերի) լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները, առանձին տողով ԱԱՀ-ի դրույքաչափը և գումարը, հարկային հաշվի սերիան և համարը, ինչպես նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում: Հարկային հաշվում առանձին տվյալների և վավերապայմանների բացակայության (բացառությամբ ԱԱՀ-ի գումարի) կամ սխալ լրացման դեպքում հարկային հաշիվը համարվում է սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվ: Հարկային հաշվում օրենքով սահմանված չափից ավելի ԱԱՀ-ի գումար առանձնացված լինելու դեպքում պետական բյուջեի օգտին հաշվեգրման, իսկ հարկային հաշիվ ստացած անձի կողմից հաշվանցման ենթակա է օրենքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը:

Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու առումով սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվը դիտվում է որպես մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվ, եթե դրանում արտացոլված տվյալները բավարար են գործարքի էությունը (ապրանքների անվանացանկն ու քանակը կամ ծառայության տեսակն ու ծավալը), գործարքի կողմերը կամ դրա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը պարզելու համար:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքերում գնորդի պահանջով հարկային հաշվում առանձնացվում է նաև ակցիզային հարկի գումարը:

Հարկային հաշիվներ կարող են դուրս գրվել`

1) էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կամ

2) հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևերի լրացման միջոցով: Սույն մասում նշված հարկային հաշիվների ձևերը ենթակա չեն այլ անձանց օտարման կամ պատճենահանման միջոցով բազմացման: Հարկային հաշիվների տրամադրման, դրանց լրացման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների օգտագործման վերաբերյալ հաշվետվության ներկայացման, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների վերադարձման կարգերը սահմանում է վերադաս հարկային մարմինը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հարկային մարմնից հաշիվների ձևերի գինը և ձեռքբերման կարգը, հարկային մարմնի կողմից տրամադրվող հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային հաշվի սերիայի և համարի գեներացման, ինչպես նաև սույն հոդվածով ներկայացվող պահանջներին համապատասխանող հարկային հաշիվների դուրսգրումն ու հաշվառումն ապահովող այլ կարգերը:

Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի սահմանած կարգով ներկայացնում են տեղեկանք` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի): Ընդ որում, այդ տեղեկանքում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:

Գնորդի պահանջով հարկային հաշիվ դուրս չգրելու համար ԱԱՀ վճարող անձինք կրում են հաշվարկային փաստաթուղթ դուրս չգրելու համար օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետում նշված դեպքերում հարկային պարտավորություն կրելիս ձեռնարկատիրական գործունեություն վարող անձինք Հայաստանի Հանրապետությունում չգրանցված օտարերկրյա անձի անունից կարող են օրենքով սահմանված կարգով դուրս գրել հարկային հաշիվներ, որոնցում, որպես ապրանք առաքող կամ ծառայություն մատուցող անձի` հարկ վճարողի հաշվառման համար և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում), նշում են իրենց համապատասխան հաշվառման համարները: Նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվները համարվում են դուրս գրված մատակարարի կողմից:

Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տեղեկությունները հարկային մարմին կարող են չներկայացվել այն հարկային հաշիվների մասով, որոնք դուրս են գրվել սույն հոդվածի երրորդ մասի 1-ին կետում նշված կարգով: Ընդ որում, սույն հոդվածի երրորդ մասի 1-ին կետում նշված կարգով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ չեն ներկայացվում, եթե հարկ վճարողի կողմից հարկային մարմնին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կապի միջոցով կամ էլեկտրոնային տարբերակով տրամադրվել է տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.12.97 ՀՕ-177, լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, 20.05.02 ՀՕ-347-Ն, լրաց., խմբ., փոփ. 11.12.02 ՀՕ-478-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-211-Ն, լրաց., փոփ. 29.10.09 ՀՕ-203-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։