Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-07-31-ից մինչև 2012-05-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-05-31Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 1134-Ն

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 14-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի պահպանության և օգտագործման ոլորտի բարելավման առաջնահերթ միջոցառումների մասին» N 1782-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընդերքօգտագործման իրավունքի գրավի դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրման նախնական համաձայնությունը տալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

(2-րդ կետը փոփ. 22.07.10 N 904-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 9

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

հունիսի 16-ի N 1134-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

1. Սույն կարգով կարգավորվում է ընդերքօգտագործման իրավունքի գրավի (այսուհետ` գրավ) դեպքում լիազորված մարմնի նախնական համաձայնություն տալու գործընթացը:

2. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է գրավադրվել մինչև դրա գործողության ժամկետի ավարտը, ինչպես նաև` անժամկետ:

3.Գրավի նախնական համաձայնության ստացման համար ընդերքօգտագործման իրավունք կրողը (այսուհետ` դիմումատու) լիազոր մարմին է ներկայացնում դիմում:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) ընդերքօգտագործման իրավունքը սահմանող փաստաթղթերի պատճենները.

բ) իրավաբանական անձանց դեպքում գրավառու համարվող կողմի պետական գրանցման վկայականի պատճենը.

գ) գրավառու համարվող կողմի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած և գործող այլ ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնք ներառում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների և գրավոր համաձայնությունների համարները, տալու ամսաթվերը և տարեթվերը.

դ) գրավառու համարվող կողմի` կառավարմանը մասնակցող անձանց և բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերի անունները, ազգանունները և անձնագրի տվյալները (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը).

ե) տեղեկանք գրավի նպատակի և գրավադրման ժամկետի մասին.

զ) այլ տեղեկություններ դիմումատուի ցանկությամբ:

(3-րդ կետը լրաց. 22.07.10 N 904-Ն)

4. Ներկայացված դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը և պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցվում է գրանցամատյանում:

5. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում քննարկում է դիմումը և դիմումատուին գրավոր հայտնում է իր նախնական համաձայնության կամ դիմումը մերժելու մասին: Եթե սույն կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ գրավոր չի հայտնում դիմումատուին, ապա նախնական համաձայնությունը համարվում է տրված:

6. Լիազոր մարմինը կարող է մերժել դիմումը, եթե՝

ա) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

բ) լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցվել է գրավառուի` նախկինում ունեցած որևէ ընդերքօգտագործման իրավունքը.

գ) գրավադրման նպատակն ընդերքօգտագործման իրավունքով ստանձնած պարտավորությունների կատարմանը նպաստելը չէ.

դ) դիմումատուի ներկայացված փաստաթղթերը թերի են:

Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն նշված թերությունները վերացնելուց հետո կրկին կարող է դիմել լիազոր մարմին։

Դիմումի մերժման դեպքում որոշման մեջ նշվում են մերժման պատճառները: Դիմումատուն կարող է դիմումի մերժման վերաբերյալ գրության մեջ նշված թերությունները վերացնելուց հետո կրկին դիմում ներկայացնել լիազոր մարմին:

(6-րդ կետը լրաց. 22.07.10 N 904-Ն)

7. Դիմումի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավի պայմանագրի կնքումից հետո 10-օրյա ժամկետում պայմանագրի մեկ օրինակը ներկայացվում է լիազոր մարմին։

9. Ներկայացված պայմանագրի տվյալները լիազոր մարմնի կողմից գրանցվում են սույն կարգի 4-րդ կետում նշված գրանցամատյանում։

10. (կետն ուժը կորցրել է 22.07.10 N 904-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։