Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Ձերբակալված և կալանավորված անձանց առաջարկությունները, դիմումները, բողոքներն ու դրանք քննարկելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Ձերբակալված և կալանավորված անձանց առաջարկությունները, դիմումները, բողոքներն ու դրանք քննարկելու կարգը

«...[Դատավորին]... հասցեագրված ... բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են [նրան]»:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

32. Դիմումատուն բողոքեց, որ իր կալանավորումը 2005թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ից մինչև այն պահն ընկած ժամանակահատվածը, երբ 2005թ. նոյեմբերի 24-ին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել կալանավորման ժամկետը, անօրինական է: Նա վկայակոչեց Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետը և 4-րդ մասը, որոնք համապատասխանաբար սահմանում են.

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

...

(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար;

...

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:»

Ա. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետը

1. Կողմերի պնդումները

33. Կառավարությունն ընդունեց, որ դիմումատուն իսկապես ազատությունից զրկված է եղել 2005թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ից մինչև այն պահն ընկած ժամանակահատվածը, երբ հաջորդ օրը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել նրա կալանքի ժամկետը: Կառավարությունն, այնուամենայնիվ, պնդեց, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Մասնավորապես, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պատասխանատու էր դիմումատուի շարունակական ապօրինի կալանքի համար` որևէ քայլ չձեռնարկելով նրան ազատ արձակելու համար, չնայած այն փաստին, որ ստացել էր առաջին ատյանի դատարանի` 2005թ. նոյեմբերի 22-ի որոշումը: Դիմումատուն, այնուամենայնիվ, չի բողոքարկել վարչակազմի անգործությունը ներպետական ատյաններում:

34. Կառավարությունն այնուհետև պնդեց, որ 2005թ. նոյեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը արեց ամեն հնարավորը դատախազի բողոքը քննելու և այդ խնդիրը լուծելու համար: Նույնը չի կարելի ասել դիմումատուի և նրա փաստաբանի մասին, ովքեր արեցին ամեն հնարավորը դատախազի բողոքի քննությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, փաստաբանը նիստին ուշ ներկայացավ և մի քանի անգամ պահանջեց ընդմիջում հայտարարել, որը բավարարվեց դատարանի կողմից: Դատարանը չկարողացավ ավարտել դատախազի բողոքի քննությունը և ստիպված եղավ հետաձգել նիստը` հաշվի առնելով դիմումատուի առողջական վիճակը: Այսպիսով, 2005թ. նոյեմբերի 23-ին որոշման կայացման ուշացման և նիստի վերջնական հետաձգման հիմնական պատճառներն էին դիմումատուի փաստաբանի վարքագիծը և դիմումատուի առողջական վիճակի վատթարացումը: Այսպիսի հանգամանքներում, Giսlia Manzoni v. Italy (1997թ. հուլիսի 1, § 25, Վճիռների և որոշումների ժողովածու 1997-IV) գործում ընդունված մոտեցումը կիրառելի է նաև սույն գործում:

35. Դիմումատուն պնդեց, որ դատարանի կողմից իր նկատմամբ կիրառած կալանքը, որի ժամկետը չի երկարացվել, սպառվել էր 2005թ. նոյեմբերի 23-ին ժամը 17-ն անց 50-ին և օրենքը պահանջում էր, որ նա ազատ արձակվի ոչ ուշ, քան նույն օրը ժամը 17-ն անց 51-ը: Դատարանը ստացավ դատախազի բողոքը այդ օրը կեսօրին և նշանակեց նիստ, որը պետք է կայանար նույն օրը, ինչի վերաբերյալ ժամը 17-ն անց 30-ին փաստաբանները հեռախոսով տեղեկացվեցին: Այնուամենայնիվ, երբ սպառվեց նրա կալանքի ժամկետը, դատարանը նրան ազատ չարձակեց և ազգային անվտանգության աշխատակիցների օգնությամբ նա պահվեց դատական նիստերի դահլիճում: Նրան նույնիսկ չթույլատրեցին լքել դատական նիստերի դահլիճը ընդմիջումների ընթացքում` չնայած պաշտոնապես ազատության մեջ գտնվելուն: Այնուհետև, նախագահող դատավորի հետ խորհրդակցելուց հետո և նրա ցուցումներով ազգային անվտանգության չորս աշխատակիցները հարկադրաբար դիմումատուին հետ տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, որտեղ վերջինս պահվեց մինչև հաջորդ օրը, երբ Վերաքննիչ դատարանը որոշեց երկարացնել նրա կալանքի ժամկետը:

36. Դիմումատուն նաև պնդեց, որ սպառել է իրավական պաշտպանության բոլոր մատչելի ներպետական միջոցները: Մասնավորապես, հաշվի առնելով, որ կալանքի ժամկետը լրանալու պահին նա գտնվում էր Վերաքննիչ դատարանում, որը` չնայած ՔԴՕ-ի 11 հոդվածի 5-րդ մասի պահանջների նրան ազատ չէր արձակել, որի հետևանքով բացարկ էր հայտարարվել դատարանի կազմին: Բացի այդ, նա բողոք է բերել Վերաքննիչ դատարանի 2005 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ նյութական իրավունքի հիման վրա, որտեղ նա նաև բարձրացրել էր այդ հարցը: Ավելին, Կառավարության կողմից դիմումատուին ազատ չարձակելու մեջ միայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին մեղադրելն անհիմն էր, քանի որ նա գտնվում էր դատարանում, երբ նրա կալանքի ժամկետը լրացել էր, և դատարանի պարտականությունն էր նրան ազատ արձակելը: Այսպես, դիմումատուի շարունակական անօրինական կալանքը դատարանի, ազգային անվտանգության աշխատակիցների և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ընդհանուր պարտավորությունն էր:

2. Դատարանի գնահատականը

(ա) Ընդունելիությունը

37. Դատարանն առաջին հերթին նշում է, որ դիմումատուն Վերաքննիչ դատարանի 2005 թվականի նոյեմբերի 24-ին հաջորդած իր կալանքի ենթադրյալ անօրինական լինելն առաջին անգամ բողոքարկել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին Դատարան ներկայացրած իր առարկություններում: Դրանից հետևում է, որ այս բողոքը բերվել է ժամկետից դուրս և պետք է մերժվի համաձայն Կոնվենցիայի 35 հոդվածի 1-ին և 4-րդ մասերի:

38. Ինչ վերաբերում է 2005 թվականի նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից կալանքը երկարացնելու վերաբերյալ որոշման միջև ընկած կալանքի ժամանակահատվածի ենթադրյալ անօրինական լինելու վերաբերյալ բողոքին, Դատարանը գտնում է, որ Կառավարության` իրավական պաշտպանության միջոցների չսպառման վերաբերյալ պահանջն ուղղակիորեն առնչվում է սույն գանգատի առարկային և, հետևաբար, պետք է միացվի դրա ըստ էության քննությանը:

39. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:

(բ) Ըստ էության քննությունը

40. Դատարանը կրկնում է, որ ցանկացած կալանք պետք է լինի օրինական: «Օրենքով սահմանված կարգով» արտահայտությունը հիմնականում վերաբերում է ներպետական օրենսդրությանը և սահմանում է պարտականություն` համապատասխանել դրա նյութական և ընթացակարգային դրույթներին, ինչպես նաև ենթադրում է, որ անձին ազատությունից զրկող ցանկացած միջոց պետք է համատեղելի լինի 5-րդ հոդվածի` անձին կամայականություններից պաշտպանելու նպատակի հետ (տե´ս Winterwerp v. the Netherlands, 1979թ. հոկտեմբերի 24, § 39, Սերիա Ա թիվ 33, և Lukanov v. Bulgaria, 1997թ. մարտի 20, § 41, Վճիռների և որոշումների ժողովածու 1997- II):

41. Դատարանն այնուհետև կրկնում է, որ 5-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված ազատության իրավունքի բացառությունների ցանկը սպառիչ է, և միայն այդ բացառությունների նեղ մեկնաբանությունն է համատեղելի այդ դրույթի նպատակի հետ (տե´ս Quinn v. France, 1995թ. մարտի 22, § 42, Սերիա Ա թիվ 311, վերը վկայակոչված` Giulia Manzoni, § 25, K.-F. v. Germany, 1997թ. նոյեմբերի 27, §§ 70, Վճիռների և որոշումների ժողովածու 1997-VII, Labita v. Italy [ՄՊ], թիվ 26772/95, § 170, ՄԻԵԴ 2000-IV, և Nikolov v. Bulgaria, թիվ 38884/97, § 80, 2003թ. հունվարի 30):

42. Դատարանը նախկինում ընդունել է, որ նման հանգամանքներում կարող են լինել որոշ ուշացումներ մինչև կալանավորված անձին ազատ արձակելը: Սակայն, դա վերաբերում է այն դեպքերին, երբ կալանքի ժամկետը լրացել է դատարանի կարգադրության` այլ ոչ թե օրենքով սահմանված պայմանների արդյունքում: Դատական նիստերի ընթացքի և ադմինիստրատիվ ընթացակարգերի գործնական դիտարկումներից պարզ է դառնում, որ դատարանի նման որոշման կատարումը կարող է լինել ժամանակատար, ինչը սակայն պետք է հասցվի նվազագույնի, և ցանկացած դեպքում չգերազանցի մի քանի ժամը (տե´ս վերը վկայակոչված` Quinn, § 42, վերը վկայակոչված Giulia Manzoni, § 25, վերը վկայակոչված Labita, § 171, և վերը վկայակոչված Nikolov, § 82): Սակայն, երբ առավելագույն կալանքի ժամկետը և ազատ արձակումը կարգավորված են օրենքով, ի տարբերություն դատարանի որոշման, իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները, որպեսզի երաշխավորեն, որ չգերազանցվի թույլատրված ժամկետը (տե´ս վերը վկայակոչված K.-F., §§ 72, որտեղ նույնիսկ 45 րոպեով ուշացումը համարվել է 5-րդ հոդվածի 1(գ) մասի խախտում, քանի որ կալանքի առավելագույն ժամկետը նախապես հայտնի էր և վերջնական):

43. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը նշում է, որ համաձայն ՔԴՕ-ի 136 հոդվածի 2-րդ մասի` կալանավորումը կարող է կիրառվել միայն դատարանի որոշմամբ: Համաձայն ՔԴՕ 138 հոդվածի` կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից և չի կարող լինել երկու ամսից ավելի, քանի դեռ այն չի երկարացվել դատարանի կողմից: Դիմումատուն արգելանքի տակ էր վերցվել 2005թ. սեպտեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ին: Այսպես, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանված նրա կալանքի ժամկետն ուժի մեջ էր մինչև 2005թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ը: Նոյեմբերի 22-ին առաջին ատյանի դատարանը մերժեց երկարացնել դիմումատուի կալանքի ժամկետը: Սակայն, դիմումատուն ազատ չի արձակվել կալանքից հաջորդ օրը` ժամը 17-ն անց 50-ին: Փոխարենը` նրա կալանքի ժամկետը լրանալուց 20 րոպե առաջ նա տարվել է դատարան` մասնակցելու դատախազի կողմից 2005թ. նոյեմբերի 22-ի որոշման դեմ բերված բողոքի քննության նիստին: Ավելին, նիստը մինչև մոտ 20-ն անց 30-ը հետաձգելուց հետո դիմումատուն հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ` չնայած այն փաստին, որ ՔԴՕ 141 հոդվածով պահանջվում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անմիջապես ազատ արձակի կալանավորին, երբ լրացել է նրա` դատարանի որոշմամբ սահմանված կալանքի ժամկետը:

44. Դատարանը դիտարկում է, որ Կառավարությունն ընդունել է, որ դիմումատուն անկասկած զրկված է եղել իր ազատությունից 2005թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և Վերաքննիչ դատարանի կողմից 2005թ. նոյեմբերի 24-ին առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ համարելու և նրա կալանքը երկարացնելու միջև ընկած ժամանակահատվածում: Կառավարությունը, սակայն, պահանջել է, որ կիրառվի վերը վկայակոչված Giulia Manzoni գործով ընդունված մոտեցումը: Դատարանը համաձայն չէ Կառավարության պահանջի հետ: Մասնավորապես, կան նաև այլ համանման գործեր, որոնք վերաբերում են այն իրավիճակին, երբ դատարանը կարգադրել է ազատ արձակել դիմումատուին, բայց այդ որոշումն իրականացնելու համար իշխանություններին անհրաժեշտ էր որոշ ժամանակ` բոլոր համապատասխան ադմինիստրատիվ ընթացակարգերը կատարելու համար: Սույն գործում, սակայն, առաջին ատյանի դատարանն իր 2005թ. նոյեմբերի 22-ի որոշմամբ չի կարգադրել ազատ արձակել դիմումատուին, այլ պարզապես մերժել է երկարացնել նրա կալանքը: Այսպես, դիմումատուի սահմանված կալանքի ժամկետը շարունակվեց և պետք է լրանար հաջորդ օրը, որի վերաբերյալ իշխանությունները տեղյակ էին և պարտավոր էին այն իրականացնել` քանի դեռ առաջին ատյանի դատարանի որոշումը չեղյալ չէր հայտարարվել: Այս իմաստով սույն գործն ավելի համանման է վերը վկայակոչված K.-F. գործին, քան Կառավարության կողմից մատնանշված գործին: Սակայն, սույն գործը պետք է տարբերել նույնիսկ նշված գործից` հետևյալ հիմնավորմամբ:

45. Կառավարությունը բերել է այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանում դիմումատուի գործի ուշացած քննությունը փաստաբանների գործողությունների հետևանք էր, մինչդեռ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո` դիմումատուն ինքը չի բողոքարկել վարչակազմի անգործությունը: Դատարանի համար, սակայն, համոզիչ չեն այդ փաստարկները: Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող կողմերը պետք է այնպես ձևավորեն իրենց իրավական համակարգը, որ իրավապահ մարմինները կարողանան կատարել իրենց պարտականությունը, այն է` խուսափել ազատությունից չարդարարված ձևով զրկելուց (տե´ս Shukhardin v. Russia, թիվ 65734/01, § 93, 2007թ. հունիսի 28, և Matyush v. Russia, թիվ 14850/03, § 73, 2008թ. դեկտեմբերի 9): Դատարանը նշում է, որ ՔԴՕ 139 հոդվածով պահանջվում է, որ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվի դատարան և քննության առնվի վերջինիս կողմից ոչ ուշ, քան կալանքի ժամկետը լրանալուց համապատասխանաբար` տասը և հինգ օր առաջ: Սակայն, քննիչը և առաջին ատյանի դատարանը չեն պահպանել ժամկետները` դրանով իսկ առաջացրել են դիմումատուի կալանքի երկարացման հարցի քննության անտեղի ուշացումներ (տե´ս վերը նշված պարբ. 8 և 9): Բացի այդ, դիմումատուն բերվել է Վերաքննիչ դատարան նրա կալանքի ժամկետը լրանալուց միայն 20 րոպե առաջ: Կառավարությունը, սակայն, չի տվել որևէ բացատրություն նշված ուշացումների վերաբերյալ: Նման հանգամանքներում դիմումատուն չի կարող մեղադրվել այն բանում, որ Վերաքննիչ դատարանը թերացել է ավարտել նրա կալանքի ժամկետը երկարացնելու հարցի քննությունը մինչև դրա լրանալը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ամբողջ դատաքննությունը տևել է 20 րոպեից շատ ավելի երկար, այսինքն` մոտ երեք ժամ, և ավելին` արդյունքում այն հետաձգվել է:

46. Բոլոր դեպքերում, եթե նույնիսկ ընդունենք, որ վերաքննիչ բողոքի դատական քննության սկզբում կարճ ուշացումը կարող է վերագրվել դիմումատուի փաստաբանին` դա չի ազդում այն փաստի վրա, որ դիմումատուի կալանքի ժամկետը լրացել էր նման ուշացումով ծրագրված դատաքննության սկզբից քիչ անց, և օրենքով պահանջվում էր նրան ազատ արձակել: Չնայած դրան` Վերաքննիչ դատարանը շարունակում էր դիմումատուին վերաբերվել ինչպես կալանավորի: Դատարանը նրան ազատ չէր արձակել ոչ միայն ժամը 17-ն անց 50-ին, երբ լրացել էր նրա կալանքի ժամկետը, այլ նաև` դատաքննությունը հետաձգելուց հետո: Ավելին, դիմումատուն պնդել է, և Կառավարությունը չի վիճարկել, որ քրեակատարողական հիմնարկ հետ տեղափոխումը տեղի է ունեցել դատարանի լրիվ իմացությամբ և նույնիսկ` վերջինիս ոչ պաշտոնական կարգադրությամբ: Նման հանգամանքներում, կարելի է ենթադրել, որ իշխանությունները մտադրություն չեն ունեցել ազատ արձակել դիմումատուին մինչև առաջին ատյանի դատարանի 2005թ. նոյեմբերի 22-ի որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Որևէ քայլ չէր ձեռնարկվել դիմումատուին ազատ արձակելու համար, և դրան ուղղված դիմումատուի փաստաբանների բոլոր փորձերը, պարզապես, արհամարհվում էին: Այսպես, սույն գործին չեն վերաբերում որոշակի ուշացումներ, որոնք համապատասխանում են կալանավորի ազատ արձակումը կարգավորող իրավական կանոններին` ինչպես վերը վկայակոչված K.-F. գործով, այլ իշխանությունների` այդ թվում դատարանների կողմից այդ կանոններին չհետևելը:

47. Նման հանգամանքներում կասկածելի է, որ եթե դիմումատուն առանձին բողոք բերեր դատարան` դատաքննությունից հետո քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո վարչակազմի կողմից նրան չազատելու դեմ, ապա դա կարող էր հանգեցնել այլ արդյունքի և ապահովեր նրա ազատ արձակումը: Ավելին, Կառավարությունը չի մատնանշել, թե որ դատավարական ընթացակարգը դիմումատուին կարող էր տրամադրել այնպիսի արդյունավետ և անմիջական իրավական պաշտպանության միջոց, որը կնպաստեր նրա ազատ արձակմանը` ելնելով գործի առանձնահատկություններից: Այս առումով, առաջին հերթին պետք է նշել, որ դիմումատուն հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ համեմատաբար ուշ ժամին, և, ամեն դեպքում` սահմանված աշխատանքային ժամից դուրս: Ավելին, քրեակատարողական հիմնարկում նրա ոչ իրավաչափ մնալու ժամկետը համեմատաբար կարճ էր` մոտ 17 ժամ: Այդուհանդերձ, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով նման դեպքերում չի նախատեսվում անհետաձգելիություն և նույնիսկ թույլատրվում է կալանավորի բողոքները մեկ օրվա ընթացքում ուղարկել դատավորին: Դատարանը կրկնում է, որ սպառման ենթակա են միայն այն իրավական պաշտպանության միջոցները, որոնք քննարկվող ժամանակահատվածում տեսականորեն և գործնականում արդյունավետ են և մատչելի, կարող են վերականգնել դիմումատուի խախտված իրավունքները, ինչպես նաև առաջարկում են հաջողության իրատեսական հնարավորություններ (տե´ս Kalashnikov v. Russia (որոշում), թիվ 47095/99, 2001 սեպտեմբերի 18, և Melnik v. Ukraine, թիվ 72286/01, § 67, 2006 մարտի 28): Հաշվի առնելով վերոնշյալը` Դատարանը գտնում է, որ Կառավարության պահանջն իրավական պաշտպանության միջոցների չսպառման վերաբերյալ պետք է մերժվի:

48. Դատարանը եզրակացնում է, որ 2005թ. նոյեմբերի 23-ին` ժամը 17-ն անց 50-ի և Վերաքննիչ դատարանի կողմից 2005թ. նոյեմբերի 24-ին դիմումատուի կալանքը երկարացնելու մասին որոշում կայացնելու միջև ընկած ժամանակահատվածում նա շարունակել է մնալ անազատության մեջ` չնայած այն փաստին, որ չկար նրան նշված ժամանակահատվածում կալանքի ենթարկելու մասին դատարանի որոշում` ինչպես պահանջվում է օրենքով: Դրանից հետևում է, որ դիմումատուին ազատությունից զրկելն այդ ժամանակահատվածում եղել է անօրինական:

49. Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի խախտում:

Բ. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը

50. Դատարանը նշում է, որ դիմումատուն նույն փաստերի կապակցությամբ նաև վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը` պնդելով, որ նրա անիրավաչափ կալանքն առաջացնում է նաև այդ դրույթի խախտում:

51. Դատարանը, սակայն, գտնում է, որ սույն գանգատը բխում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի ներքո սույն գործում բարձրացված հիմնական հարցերից: Հաշվի առնելով 5-րդ հոդվածի 1(գ) մասի վերաբերյալ եզրակացությունները` Դատարանը գտնում է, որ սույն գանգատի ընդունելիության և ըստ էության առանձին քննության անհրաժեշտություն չկա:

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

52. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

Ա. Վնաս

53. Դիմումատուն պահանջել է 5,000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում, քանի որ ներպետական իշխանությունների կողմից իրեն կալանքից ազատ չարձակելու արդյունքում կրել է տառապանք ու ապրել հիասթափություն:

54. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց ի հաստատումն իր այն պնդման, որ նա կրել է ոչ նյութական վնաս: Նույնիսկ եթե նա կրել է նման վնաս, ապա խախտման ճանաչումն ինքնին բավարար փոխհատուցում կլինի: Ամեն դեպքում, պահանջված գումարը չափազանցված է:

55. Դատարանը գտնում է, որ անօրինական կալանքի արդյունքում դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս: Առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմումատուին տրամադրել 2,000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Բ. Ծախսեր և ծախքեր

526. Դիմումատուն նաև պահանջել է 6,000 եվրո Դատարանի առջև կրած ծախսերի ու ծախքերի հատուցման համար: Այն ներառում է 5,000 եվրո դատական ծախսերի համար և 1,000 եվրո թարգմանչական և կազմակերպչական ծախսերի համար, ինչպիսիք են` փոստային, լուսապատճենման և այլ ծախսեր: Ինչ վերաբերում է դատական ծախսերին` դիմումատուն նշել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն, գործն ընդունած փաստաբանի ծառայություններից չի կարելի հրաժարվել: Նա չի վճարել փաստաբանին ներպետական դատարաններին բողոքներ բերելու և իր գործը Դատարանին ներկայացնելու համար, սակայն փաստաբանը բարեխիղճ մատուցել է իր ծառայությունները: Հետևաբար, չկա վճարումը կատարելու մասին այնպիսի ապացույց, որը կարող էր ներկայացվել Դատարանին:

537. Կառավարությունը պնդել է, որ այս պահանջները պետք է մերժվեն, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ ապացույց, որ նա իրականում կատարել է ծախսեր: Նա նաև չի հիմնավորել, որ այդ ենթադրյալ ծախսերը եղել են անհրաժեշտ և ողջամիտ:

5548. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի դիմումատուի դատական ծախսերը հատուցվում են միայն այն դեպքում, երբ ցույց է տրվում, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ և իրենց ծավալով ողջամիտ: Սույն գործում դիմումատուն ընդունել է, որ նա չի վճարել իր փաստաբանին, որը նրան ներկայացրել է ներպետական դատարանների և Դատարանի առջև: Նա նաև կաշկանդված չէր որևէ պայմանագրով նման վճարումն ապագայում կատարելու համար: Ինչ վերաբերում է ենթադրյալ թարգմանչական ծախսերին, ապա ի հիմնավորումն այդ ծախսերի դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց: Հետևաբար, այս պահանջները պետք է մերժվեն: Մյուս կողմից` Դատարանը որոշել է դիմումատուին տրամադրել 500 եվրո` Դատարանի առջև կրած ծախսերի համար:

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

59. Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոս:

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

1. Որոշում է միանալ Կառավարության իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու փաստարկներին և մերժել այն.

2. Հայտարարում է 2005թ. նոյեմբերի 23-ի ժամը 17-ն անց 50-ի և ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 2005թ. նոյեմբերի 24-ին կալանքը երկարացնելու մասին որոշում կայացնելու միջև ընկած ժամանակահատվածում դիմումատուի կալանքի անօրինականության վերաբերյալ գանգատն ընդունելի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի ներքո.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(գ) մասի խախտում.

4. Վճռում է, որ չկա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի ներքո գանգատի ընդունելիության և ըստ էության առանձին քննության անհրաժեշտություն.

5. Վճռում է, որ

(ա) պատասխանող պետությունը, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.

(i) 2,000 (երկու հազար) եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը.

(ii) 500 (հինգ հարյուր) եվրո` գումարած նշված գումարի վրա դիմումատուի նկատմամբ հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը` որպես ծախսերի և ծախքերի հատուցում` փոխարկված ՀՀ դրամի վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեք տոկոսը.

6. Մերժում է դիմումատուի արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:

Կատարված է անգլերեն, գրավոր ծանուցվել է 2010թ. փետրվարի 9-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:

Սանտիագո Քուեսադա

Քարտուղար Ջոզեփ Կասադեվալ

Նախագահ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։