Հոդված 6. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը
Հոդված 6. Հայտի քննարկումը և ֆիրմային անվանման գրանցումը
1. Գերատեսչությունը, հայտի ստացման օրվանից հնգօրյա ժամկետում, անցկացնում է փորձաքննություն և որոշում է հայտի և գրանցման ներկայացված ֆիրմային անվանման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին:
2. Հայտի քննարկման ընթացքում, մինչև ֆիրմային անվանման գրանցման վերաբերյալ որոշման ընդունումը, հայտատուն կարող է փոփոխություններ կատարել ներկայացված հայտում: Այդ դեպքում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը հաշվարկվում է փոփոխությունը կատարելու օրվանից:
3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ ներկայացված ֆիրմային անվանումը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, ապա որոշում է կայացվում ֆիրմային անվանման գրանցումը մերժելու վերաբերյալ, ինչի մասին, մերժման հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն:
4. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ (այսուհետ` բողոքարկման խորհուրդ):
5. Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է գերատեսչության կողմից հաստատված կարգով:
6. Փորձաքննության որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:
7. Եթե ֆիրմային անվանումը համապատասխանում է սույն օրենքի պահանջներին, գերատեսչությունը որոշում է կայացնում այն գրանցելու մասին և եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին:
8. Ֆիրմային անվանումը գրանցելու մասին որոշումն ընդունելուց հետո գերատեսչությունը ֆիրմային անվանումը գրանցում է ֆիրմային անվանումների գրանցման` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում:
9. Ֆիրմային անվանման գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը (այսուհետ` թվական) սահմանվում է հայտը գերատեսչություն ներկայացնելու թվականով:
10. Ֆիրմային անվանումը գրանցվում է հայերեն:
11. Պետական գրանցամատյանում գրանցվում է ֆիրմային անվանումը, գրանցման համարը և թվականը, հայտի համարը, հայտատուի հասցեն:
12. Մինչև իրավաբանական անձի պետական գրանցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս, պետական գրանցամատյանում գրանցված ֆիրմային անվանումն ստանում է ժամանակավոր պահպանություն: