Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
Հոդված 14. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Կարգավորման պարտադիր վճարը ժամանակին վճարելու և սույն օրենքի մյուս պահանջները պահպանելու պատասխանատվությունը օրենսդրությամբ այլ բան սահմանված չլինելու դեպքում կրում են վճարողները և դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոնատար անձինք:
3. Կարգավորման պարտադիր վճարի վճարումները սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
4. Վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունը սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար վճարողից գանձվում է տուգանք՝ դրա հետևանքով չմուծված կարգավորման պարտադիր վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ վճարի ընդհանուր գումարն է:
5. Սույն օրենքով սահմանված հաշվետվությունները չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու համար վճարողներից գանձվում է տուգանք՝ այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծված կամ պակաս մուծված կարգավորման պարտադիր վճարի գումարի 10 տոկոսի չափով:
6. Հարկային մարմինների կողմից վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:
7. Վճարողները պակաս ցույց տրված կարգավորման պարտադիր վճարի գումարը, ինչպես նաև սույն հոդվածի երրորդ-հինգերորդ մասերի համաձայն՝ հաշվարկված տույժերը և տուգանքները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
8. Օրենքով սահմանված կարգով չվճարված կարգավորման պարտադիր վճարի գումարի վճարումն ապահովվում է դատական կարգով` հարկային մարմինների ներկայացրած հայցի հիման վրա: