Հոդված 27. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը
Հոդված 27. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը
Պետության գույքային շահերի (այսուհետ` շահեր) խախտումներ հայտնաբերելիս դատախազը կամ նրա պահանջով` համապատասխան լիազորված պետական մարմինը կամ պաշտոնատար անձը հայց է հարուցում դատարան:
Մինչև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը դատախազն իրավունք ունի նախազգուշացնել համապատասխան մարմիններին և անձանց հայց հարուցելու մասին և պահանջ ներկայացնել պատճառված վնասը սահմանված կարգով հատուցելու մասին:
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելիս դատախազն իրավունք ունի`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել նորմատիվ և այլ իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանցից ստանալ բացատրություններ, քաղաքացիներից` պարզաբանումներ.
3) անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում ստուգել պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները.
4) պետական մարմինների և կազմակերպությունների ղեկավարներին առաջարկել կատարելու ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ և ներկայացնել բացատրություններ.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարել ստուգումներ և նշանակել փորձաքննություններ: