Հոդված 2
Հոդված 2
Սահմանումները
Ստորև շարադրված սահմանումները պետք է մեկնաբանվեն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համատեքստում: Սակայն վեճի դեպքում գերակայում են Կոնվենցիայի դրույթները:
Սույն Կոնվենցիայի նպատակներով`
1. «Դոպինգ-ստուգման հավատարմագրված լաբորատորիաներ» նշանակում է` լաբորատորիաներ, որոնք հավատարմագրված են Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից:
2. «Հակադոպինգային կազմակերպություն» նշանակում է` սուբյեկտ, որը պատասխանատու է դոպինգ-ստուգման գործընթացի յուրաքանչյուր մասի նախաձեռնման, իրականացման և կատարման վերաբերյալ կանոններ ընդունելու համար: Դրանք են, օրինակ` Միջազգային օլիմպիական կոմիտեն, Միջազգային պարօլիմպիկ կոմիտեն, այլ կազմակերպություններ, որոնք խոշոր միջոցառումներ են անցկացնում և տեղում իրականացնում տեստավորում, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը, միջազգային ֆեդերացիաները և ազգային հակադոպինգային կազմակերպությունները:
3. «Հակադոպինգային կանոնների խախտում» սպորտում նշանակում է` մեկ կամ մի քանի հետևյալ խախտումները.
ա) արգելված նյութի (սուբստանցիայի) կամ դրա մետաբոլիտների կամ մարկերների առկայությունը մարզիկի օրգանիզմից վերցված նմուշներում.
բ) արգելված նյութի (սուբստանցիայի), արգելված միջոցների օգտագործումը կամ օգտագործման փորձը.
գ) նմուշ վերցնելու համար ներկայանալուց հրաժարվելը կամ, համաձայն հակադոպինգային կիրառվող կանոնների, ծանուցագիր ստանալուց հետո առանց հարգելի պատճառի նմուշ վերցնելու համար չներկայանալը, կամ նմուշ վերցնելուց այլ կերպ խուսափելը.
դ) կիրառվող այնպիսի պահանջները խախտելը, որոնք վերաբերում են մարզիկի հասանելիությանը արտամրցաշարային տեստավորման համար, այդ թվում` նրա գտնվելու վայրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելուն և այնպիսի տեստավորումներին չներկայանալուն, որոնք նշանակվել են ողջամիտ կանոնների հիման վրա.
ե) կեղծարարությունը կամ կեղծման փորձը դոպինգ-ստուգման ցանկացած փուլում.
զ) արգելված նյութեր (սուբստանցիաներ) կամ միջոցներ պահելը.
է) ցանկացած արգելված նյութի (սուբստանցիայի) կամ միջոցի վաճառքը.
ը) որևէ մարզիկի արգելված նյութեր (սուբստանցիաներ) ներարկելը կամ ներարկման փորձ կատարելը կամ նրա նկատմամբ արգելված միջոց օգտագործելը կամ օգտագործման փորձ կատարելը կամ աջակցելը, խրախուսելը, օգնելը, դրդելը, թաքցնելը կամ ցանկացած այլ կերպ գործակցելը, որոնք կապված են հակադոպինգային կանոնների խախտման կամ խախտման փորձի հետ:
4. «Մարզիկ» նշանակում է` դոպինգ-ստուգման նպատակներով, ցանկացած անձ, որն զբաղվում է սպորտով միջազգային կամ ազգային մակարդակում, ինչպես դա սահմանվում է ազգային հակադոպինգային յուրաքանչյուր կազմակերպության կողմից և ընդունվում Մասնակից պետությունների կողմից, ինչպես նաև ցանկացած այլ անձ` սպորտով զբաղվող կամ մարզական ավելի ցածր մակարդակի միջոցառումների մասնակցող, ինչպես դա ընդունվում է Մասնակից պետությունների կողմից: «Մարզիկ» նշանակում է` կրթական և ուսումնական նպատակներով, ցանկացած անձ, որն զբաղվում է սպորտով մարզական կազմակերպության հովանու ներքո:
5. «Մարզիկին օժանդակող անձնակազմ» նշանակում է` ցանկացած մարզիչ, տեսուչ, մենեջեր, գործակալ, թիմի անդամ, պաշտոնատար անձ, բժիշկ կամ կրտսեր կամ միջին դասի բժշկական անձնակազմ, որն աշխատում է այն մարզիկների հետ կամ զբաղվում է նրանց բուժմամբ, որոնք մասնակցում կամ նախապատրաստվում են մրցաշարին:
6. «Օրենսգիրք» նշանակում է` Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից 2003 թվականի մարտի 5-ին Կոպենհագենում ընդունված Համաշխարհային հակադոպինգային օրենսգիրք, որը ներկայացված է սույն Կոնվենցիայի 1-ին լրացման մեջ:
7. «Մրցաշար» նշանակում է` առանձին մրցավազք, մրցախաղ, խաղ կամ առանձին մրցում:
8. «Դոպինգ-ստուգում» նշանակում է` տեստերի անցկացումը ծրագրելը, նմուշներ վերցնելը և դրանց հետ աշխատանքը, լաբորատոր փորձաքննությունը, արդյունքներ մշակելը, լսումները և բողոքարկումները ներառող գործընթաց:
9. «Դոպինգը սպորտում» նշանակում է` հակադոպինգային կանոնների խախտման դեպք:
10. «Պատշաճ կերպով հավատարմագրված դոպինգ-ստուգման խմբեր» նշանակում է` դոպինգ-ստուգման խմբեր, որոնք գործում են միջազգային և ազգային հակադոպինգային կազմակերպությունների իրավասության շրջանակներում:
11. «Մրցաշարային» տեստավորում նշանակում է` տեստ անցկացնելը, մրցաշարային և արտամրցաշարային տեստավորումները տարբերակելու նպատակով, եթե միջազգային որևէ ֆեդերացիայի կամ հակադոպինգային այլ համապատասխան կազմակերպության կանոններով այլ բան նախատեսված չէ, երբ մարզիկը ընտրվում է տեստավորման համար կոնկրետ
մրցաշարի մասնակցելու կապակցությամբ:
12. «Միջազգային չափանիշ լաբորատորիաների համար» նշանակում է` չափանիշ, որը ներկայացված է սույն Կոնվենցիային կից 2-րդ լրացման մեջ:
13. «Միջազգային չափանիշ տեստավորման համար» նշանակում է` չափանիշ, որը ներկայացված է սույն Կոնվենցիային կից 3-րդ լրացման մեջ:
14. «Առանց նախապես տեղեկացնելու» նշանակում է` դոպինգ-ստուգում, որն անցկացվում է առանց մարզիկին նախապես տեղեկացնելու, և երբ մարզիկին շարունակ ուղեկցում են` նրան տեղեկացնելու պահից մինչև նմուշ վերցնելը:
15. «Օլիմպիական շարժում» վերաբերում է բոլոր նրանց, ովքեր համաձայնում են առաջնորդվել Օլիմպիական խարտիայով և ճանաչում են Միջազգային օլիմպիական կոմիտեի իրավասությունը. դրանք են` օլիմպիական խաղերի ծրագրերում ընդգրկված մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները, ազգային օլիմպիական կոմիտեները, օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեները, մարզիկները, մրցավարները, դատավորները, ընկերություններն ու ակումբները, ինչպես նաև միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները:
16. «Արտամրցաշարային» դոպինգ-ստուգում նշանակում է` ցանկացած դոպինգ-ստուգում, որը չի անցկացվում մրցաշարի ընթացքում:
17. «Արգելված ցուցակ» նշանակում է` սույն Կոնվենցիայի I հավելվածում ներառված ցուցակ, որտեղ նշված են արգելված նյութերը (սուբստանցիաները) և միջոցները:
18. «Արգելված միջոց» նշանակում է` սույն Կոնվենցիայի I հավելվածում ներառված Արգելված ցուցակում որպես այդպիսին նշված ցանկացած միջոց:
19. «Արգելված նյութ (սուբստանցիա)» նշանակում է` սույն Կոնվենցիայի I հավելվածում ներառված Արգելված ցուցակում որպես այդպիսին նշված ցանկացած նյութ (սուբստանցիա):
20. «Մարզական կազմակերպություն» նշանակում է` մեկ կամ մի քանի մարզաձևերում մարզական միջոցառումների անցկացման կանոնները հաստատող որևէ կազմակերպություն:
21. «Բուժման նպատակով օգտագործման թույլտվություն տալու չափանիշներ» նշանակում է` սույն Կոնվենցիայի II հավելվածում նշված չափանիշները:
22. «Տեստավորում» նշանակում է` դոպինգ-ստուգման գործընթաց, որը բաղկացած է տեստերի անցկացումը ծրագրելուց, նմուշներ վերցնելուց, դրանց հետ աշխատելուց ու դրանք լաբորատորիա տեղափոխելուց:
23. «Բուժման նպատակով օգտագործման թույլտվություն» նշանակում է` թույլտվություն, որը տրվում է բուժման նպատակով օգտագործման թույլտվություն տալու չափանիշների համաձայն:
24. «Օգտագործում» նշանակում է` արգելված նյութերի (սուբստանցիաների) և միջոցների օգտագործում, ընդունում (կուլ տալու միջոցով), ներարկում կամ ցանկացած այլ եղանակով սպառում:
25. «Համաշխարհային հակադոպինգային գործակալություն» (ՀհԴԳ) նշանակում է` Շվեյցարիայի իրավունքի համաձայն 1999 թվականի նոյեմբերի 10-ին ստեղծված հիմնադրամ: