Հոդված 16
Հոդված 16
Միջազգային համագործակցությունը դոպինգ-ստուգման ոլորտում
Գիտակցելով, որ սպորտում դոպինգի դեմ պայքարը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ մարզիկները տեստավորվեն առանց նախապես տեղեկացվելու, և նմուշները ժամանակին տեղափոխվեն լաբորատորիաներ փորձաքննության համար` Մասնակից պետությունները, անհրաժեշտության դեպքում և ներպետական իրավունքի և ընթացակարգերի համաձայն`
ա) հյուրընկալ երկրների համապատասխան կանոնակարգերի դրույթների պահպանմամբ օժանդակություն են ցուցաբերում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը և հակադոպինգային կազմակերպություններին, որոնք գործում են Օրենսգրքի համաձայն, իրենց մարզիկների մրցաշարային և արտամրցաշարային դոպինգ-ստուգում անցկացնելու հարցում ինչպես իրենց երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս.
բ) աջակցում են դոպինգ-ստուգման` պատշաճ կերպով լիազորված խմբերի` ժամանակին սահմանի հատման ապահովմանը` դոպինգ-ստուգման միջոցառումներ անցկացնելիս.
գ) համագործակցում են նմուշները ժամանակին տեղափոխելու կամ սահմանով ժամանակին անցկացնելու ուղղությամբ` այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ապահովելու դրանց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը.
դ) աջակցում են հակադոպինգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող դոպինգ-ստուգման միջոցառումների միջազգային համակարգմանը և այդ նպատակով համագործակցում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ.
ե) զարգացնում են համագործակցությունը դոպինգ-ստուգման` իրենց և համապատասխան մյուս Մասնակից պետությունների իրավասության շրջանակներում գործող լաբորատորիաների միջև: Մասնավորապես, իրենց տրամադրության տակ դոպինգ-ստուգման հավատարմագրված լաբորատորիաներ ունեցող Մասնակից պետությունները պետք է խրախուսեն իրենց իրավասության տակ գտնվող լաբորատորիաներին, որ վերջիններս օգնություն ցուցաբերեն մյուս Մասնակից պետություններին, որպեսզի այդ պետություններին հնարավորություն ընձեռվի ձեռք բերելու անհրաժեշտ փորձ ու հմտություններ և տիրապետելու անհրաժեշտ մեթոդների` ցանկության դեպքում սեփական լաբորատորիաներ ստեղծելու համար.
զ) Օրենսգրքի համաձայն խրախուսում և աջակցում են հակադոպինգային նշանակված կազմակերպությունների միջև երկուստեք կատարվող տեստավորումների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը.
է) փոխադարձաբար ճանաչում են դոպինգ-ստուգման ընթացակարգերը և տեստերի արդյունքների մշակումը, ինչպես նաև դրանց հետ կապված պատժամիջոցները, որոնք Օրենսգրքի համաձայն կիրառում է հակադոպինգային որևէ կազմակերպություն: