Հոդված 19
Հոդված 19
Կրթության և վերապատրաստման ընդհանուր սկզբունքները
1. Մասնակից պետություններն իրենց հնարավորությունների սահմաններում պարտավորվում են մշակել կամ իրականացնել դոպինգի դեմ պայքարի վերաբերյալ կրթական և վերապատրաստման ծրագրեր և աջակցել դրանց: Մարզական հանրության համար այս ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ հարցերով ստույգ և թարմացված տեղեկություններ տրամադրելուն.
ա) սպորտում դոպինգի պատճառած վնասը էթիկական արժեքներին,
բ) դոպինգի օգտագործման հետևանքները առողջության վրա:
2. Մարզիկների և մարզիկին օժանդակող անձնակազմի համար, հատկապես նրանց նախապատրաստման սկզբնական շրջանում, կրթական և ուսումնական ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ հարցերով ստույգ և թարմացված տեղեկություններ տրամադրելուն.
ա) դոպինգ-ստուգման ընթացակարգեր,
բ) մարզիկների իրավունքները և պարտականությունները` կապված դոպինգի դեմ պայքարի հետ, ներառյալ Օրենսգրքի և համապատասխան մարզական ու հակադոպինգային կազմակերպությունների հակադոպինգային քաղաքականության մասին տեղեկությունները: Այդպիսի տեղեկությունները պետք է ներառեն հակադոպինգային կանոնների խախտման հետևանքների մասին տվյալներ,
գ) արգելված նյութերի (սուբստանցիաների) և միջոցների ցուցակը, ինչպես նաև բուժման նպատակով օգտագործման թույլտվությունը,
դ) սննդային հավելումները: