Հոդված 22
Հոդված 22.
Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական խախտում թույլ տված դիվանագետից պահանջվում է գրավոր բացատրություն:
Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը:
Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:
Կարգապահական տույժի մասին դիվանագետին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:
Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
Եթե դիվանագետը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե դիվանագետը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:
5. Կախված կարգապահական խախտման բնույթից և ծանրությունից` սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառվում է արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով և ձևավորած հանձնաժողովի կողմից ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում դիվանագետի ծառայողական պարտականությունների կատարումը արտաքին գործերի նախարարի որոշմամբ մինչև 1 ամիս ժամկետով կարող է կասեցվել` վարձատրության պահպանմամբ:
Ծառայողական քննության արդյունքում հանձնաժողովը արտաքին գործերի նախարարին ներկայացնում է եզրակացություն:»: