Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-06-04-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2011-06-04ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) կրթություն` անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար.

2) պետական կրթական չափորոշիչ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները.

3) կրթական ծրագիր` կրթության համապատասխան մակարդակի բովանդակությունը և մասնագիտական ուղղվածությունը.

3.1) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում.

4) ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ մի քանի կրթական ծրագիր և ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունն այդ ծրագրերի պահանջներին համապատասխան.

5) մանկապարտեզ` նախադպրոցական կրթության ծրագիր իրականացնող ուսումնադաստիարակչական հաստատություն.

6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.

7) (կետն ուժը կորցրել է 10.07.09 ՀՕ-161-Ն)

8) կրթահամալիր` տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում.

8.1) արհեստագործական ուսումնարան` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.

9) քոլեջ` միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.

10) համալսարան` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը.

11) ինստիտուտ` բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության և մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր և գիտական ուսումնասիրություններ.

12) ակադեմիա (ուսումնական)` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտում կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմանը, իրականացնում է որոշակի ճյուղի (բնագավառի) բարձր որակավորման մասնագետների պատրաստումը և վերաորակավորումը, հետբուհական կրթական ծրագրերը.

13) կոնսերվատորիա` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը և հետբուհական կրթական ծրագրերի իրականացմանը.

14) մասնաճյուղ` ուսումնական հաստատության տարածքային առանձնացված ստորաբաժանում, որն իրականացնում է մեկ կամ տարբեր կրթական ծրագրեր.

15) ուսումնական կենտրոն` ուսումնական հաստատություն, որն իրականացնում է նախնական ու լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրեր.

16) լիցենզավորում` ուսումնական հաստատության գործունեության թույլտվության գործընթաց.

17) ատեստավորում` ուսումնական հաստատության գործունեության և նրա շրջանավարտների պատրաստման որակի, բովանդակության և մակարդակի գնահատում` պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան.

17.1) որակավորում՝ ամփոփիչ ատեստավորման արդյունքում մասնագիտական որակավորման բնութագրին անձի համապատասխանությունը հավաստող կարգավիճակ, որը շնորհվում է համապատասխան փաստաթղթով.

17.2) որակավորումների ազգային շրջանակ` մասնագիտական կրթության որակավորման աստիճանների բնութագրերի ամբողջությունը, որը ներառում է ուսումնառության յուրաքանչյուր աստիճանում ուսուցման արդյունքների և մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ընդհանրական նկարագրերը.

18) պետական հավատարմագրում` պետության կողմից` պետական կրթական չափորոշիչներին մասնագետների պատրաստման որակի համապատասխանության ճանաչումը.

18.1) արհեստավոր` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.

19) մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.

20) բակալավր` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա (ոստիկանական մասնագիտությունների համար` միջին մասնագիտական ոստիկանական կրթության հիմքով, առնվազն եռամյա) բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց.

21) դիպլոմավորված մասնագետ` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց` առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

22) մագիստրոս` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` առնվազն մեկ տարի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

23) հետազոտող` հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց` ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

24) ինտերն` բարձրագույն բժշկական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բժշկական բարձրագույն կրթական ծրագրերն ավարտած և առնվազն մեկ տարվա հետբուհական ուսուցում ստացած անձանց.

25) կլինիկական օրդինատոր` բարձրագույն մասնագիտական որակավորման աստիճան, որը շնորհվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձանց` երկուսից մինչև հինգ տարվա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքով.

26) էքստեռն (այսուհետ` դրսեկություն)` ինքնակրթությամբ և ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ամփոփիչ ատեստավորման եղանակով իրականացվող կրթության ձև:

(3-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, 09.10.01 ՀՕ-237, լրաց., փոփ., խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-63-Ն, լրաց. 25.05.05 ՀՕ-137-Ն, խմբ., փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ., խմբ. 10.07.09 ՀՕ-161-Ն, լրաց. 04.02.10 ՀՕ-20-Ն, խմբ. 28.10.10 ՀՕ-153-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։