Հոդված 2. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 2. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի և սույն օրենսգրքով և այլ օրենքներով այս մաքսային ռեժիմի համար սահմանված դեպքերում` այլ վճարների.
բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- հումքի նյութերի ու կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները,
- լիազոր մարմնի տրամադրած` «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների ներմուծման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Մշակութային արժեքների և բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից դրանց հետագա արտահանման ժամանակ:
«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ թույլատրված այլ մաքսային ռեժիմներով ներմուծված ապրանքներն արտահանվում են «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, եթե դրանք ամբողջությամբ արտադրվել կամ վերջին անգամ ենթարկվել են բավարար վերամշակման Հայաստանի Հանրապետությունում` համաձայն Ապրանքի ծագման երկրի որոշման կանոնների:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ձևակերպվեն «վերաարտահանում» ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետագա արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:»: