Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ հոդվածում`
1) 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) երաշխիքային ժամկետում գտնվող ապրանքների փոխարինում օտարերկրյա ապրանքներով:».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում`
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների արտահանումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու դեպքում մաքսային մարմիններն այդ մասին հայտարարատուին տեղեկացնում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Հայտարարատուն փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:
Թույլտվություն ստանալու մասին դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից մերժվում է, եթե չի ներկայացված սույն կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը: Մաքսային մարմինների կողմից վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվության հիմնավորված մերժումը տրվում է գրավոր ձևով:
Եթե հայտարարատուի ներկայացրած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Վերամշակման նպատակով ապրանքների արտահանման թույլտվություն ստանալու համար հայտարարատուն թղթային կամ էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում,
- պայմանագրի պատճենը կամ երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը,
- լիազոր մարմնի տրամադրած` «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ եզրակացությունը:
Հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա երկու աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինները տրամադրում են թույլտվություն:
Երաշխիքային ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով, տեխնիկական ցուցանիշներով համընկնում են վերաարտահանված ապրանքի հետ:
Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումը օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչև վերամշակման համար նախատեսված ապրանքների արտահանումը:
Բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից` «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև վեց ամիս ժամկետով.
գ) սույն կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «վերաներմուծում» ռեժիմով կամ ձևակերպվեն «արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:»: