Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-01-26-ից մինչև 2017-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-03-11Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

31 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2006 թվականի N 666-Ն

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԴՐՈՇՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել անասնաբուժական դրոշմակնիքների օրինակելի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. մայիսի 26

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 18-ի N 666-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ ԴՐՈՇՄՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների, ինչպես նաև վայրի որսակենդանիների և թռչունների սպանդից գոյացած մթերքի` մսեղիքի, մսեղիքի կտորների, գլխի, լեզվի, ներքին պարենքիմատոզ օրգանների` սրտի, թոքերի, լյարդի, փայծաղի, երիկամների, ճարպի, ճարպոնի` որովայնային ճարպի (այսուհետ` միս) դրոշմման (այսուհետ` դրոշմակնքում) կարգը:

2. Դրոշմակնքումն անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կատարում են անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, կենդանիների սպանդ իրականացնող կազմակերպությունները` հաստատելով մսի անասնաբուժասանիտարական պիտանիությունը:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտադրվող, իրացվող, վերամշակվող մսի դրոշմակնքումը պետք է լինի պարզ, ընթեռնելի:

4. Անասնաբուժական դրոշմակնիքները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Դրոշմակնքման համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված` անվտանգ, մանուշակագույն ներկեր:

II. ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԸ

6. Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ, որոնք պատրաստվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցված նյութերից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի դրոշմման կարգը սահմանելու մասին» N 666-Ն որոշման N 2 հավելվածում նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով:

7. 40 x 60 մմ և 25 x 40 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման:

25 x 40 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքն օգտագործվում է ճագարի, նապաստակի, թռչնի, կուղբի, ճահճակուղբի մսի դրոշմակնքման համար, 40 x 60 մմ չափսի ձվաձև դրոշմակնիքը` մյուս տեսակի գյուղատնտեսական և որսակենդանիների մսի դրոշմակնքման համար:

8. 40 x 60 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է, որ միսն ստացված է կարանտինային հիվանդությունների նկատմամբ ապահով տնտեսության առողջ սպանդային կենդանուց, որը ենթարկվել է նախասպանդային և հետսպանդային զննման: Միսն այսպիսի դրոշմակնքման ենթակա է իրացման լիարժեք անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո:

9. 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է, որ միսը ենթակա է օգտագործման վնասազերծումից հետո` անասնաբուժասանիտարական կանոններին համապատասխան: Այդպիսի դրոշմակնիքի կենտրոնում նշված մեծատառերը պարզաբանում են վնասազերծման եղանակը կամ հիվանդության անվանումը (եփում, սառեցում, երշիկի ստացում, պահածոյացում, հալեցում` ճարպի համար, օգտահանում, դաբաղ, ֆիննոզ, տուբերկուլյոզ և այլն):

10. 20 x 50 մմ չափսի լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիքը հաստատում է մսի տեսակը (տավարի, խոզի, ոչխարի, այծի, ձիու, ուղտի, արջի, եղջերուի, եղնիկի, վարազի, փորսուղի, ճագարի, կուղբի, ճահճակուղբի և այլն):

11. Դրոշմակնիքներում նշված քառանիշ թվերն անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի համապատասխան գործունեության լիցենզիայի համարի 4 թվերն են, որոնք բացահայտում են, թե որտեղ և ով է իրականացրել անասնաբուժասանիտարական փորձաքննությունը:

(11-րդ կետը խմբ. 29.12.11 N 1922-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 29.12.11 N 1922-Ն)

13. Անասնաբուժական դրոշմակնիքները և լրացուցիչ դրոշմակնիքները պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

III. ՄՍԻ ԴՐՈՇՄԱԿՆՔՈՒՄԸ

14. Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`

ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.

բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.

գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.

դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին.

ե) թռչնի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` պարանոցին կամ ազդրի արտաքին մակերեսին, թռչնաֆաբրիկաներում և սպանդանոցներում կարելի է կիրառել էլեկտրական դրոշմակնիք` առանց շրջանակի, 20 մմ բարձրությամբ 1 կամ 2 թվերով, որը դրվում է ցատկիչ հոդի արտաքին մակերեսին` հավի, հավի ճտի, բադի ճտի մի ոտքին, իսկ բադի, սագի, սագի ճտի, հնդկահավի և դրա ճտի երկու ոտքին: Թռչնի մսի փաթեթավորման դեպքում կարելի է դրոշմակնիքը դնել փաթեթի վրա.

զ) միայն նախասպանդային և հետսպանդային զննման ենթարկված մսի վրա դրվում է 40 x 60 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիք.

է) ճարպոնը չի դրոշմակնքվում. դրա վրա փակցվում է դրոշմակնքված պիտակ.

ը) վնասազերծումից հետո իրացման կամ վերամշակման ենթակա մսի վրա դրվում է 40 x 70 մմ չափսի ուղղանկյունաձև դրոշմակնիք, որը բացահայտում է վնասազերծման եղանակը կամ սպանդի ենթարկված հիվանդ կենդանու ախտորոշումը.

թ) տեխնիկական օգտահանման ենթակա մսի վրա դրվում է «Օգտահանում» դրոշմակնիքը` առնվազն 3-4 տարբեր մասերում։

15. Սույն կարգի 14-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» և «ը» ենթակետերում նշված դեպքերում մսի վրա դրվում է նաև մսի կենդանատեսակը հաստատող 20 x 50 մմ չափսի լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիք:

16. Կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա միսը ենթակա է կրկնակի դրոշմակնքման` համապատասխան դրոշմակնիքներով, որոնք կսահմանեն դրա հետագա օգտագործման հնարավորությունը:

(hավելվածը խմբ., փոփ. 29.12.11 N 1922-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2006 թվականի

մայիսի 18-ի N 666-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Ձ Ե Վ Ե Ր

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ

1. Ձվաձև դրոշմակնիքներ`

ա) ձվաձև դրոշմակնիք` 40 x 60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 12 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ԱԲՍՓ (անասնաբուժասանիտարական փորձաքննություն).

Ակտի պատկեր

բ) ձվաձև դրոշմակնիք` 25 x 40 մմ չափսի, 1 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 6 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 3 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ԱԲՍՓ (անասնաբուժասանիտարական փորձաքննություն)։

Ակտի պատկեր

2. Ուղղանկյունաձև դրոշմակնիք` 40 x 60 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ 12 մմ բարձրությամբ թվերով, վերևում և ներքևում` 6 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն), ներքևում` ՆԶ (նախնական զննում)։

Ակտի պատկեր

3. Ուղղանկյունաձև դրոշմակնիք` 40 x 70 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում և վերևում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով (վերևում` ՀՀ (Հայաստանի Հանրապետություն, կենտրոնում, օրինակ, ԴԱԲԱՂ, ներքևում` 7 մմ բարձրությամբ 2 զույգ երկնիշ և 1 քառանիշ թվերով)։

Ակտի պատկեր

4. Լրացուցիչ ուղղանկյունաձև դրոշմակնիք` 20 x 50 մմ չափսի, 1,5 մմ լայնությամբ շրջանակով, կենտրոնում` 7 մմ բարձրությամբ մեծատառերով:

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։