Հոդված 11. Կառավարման խորհուրդը
Հոդված 11. Կառավարման խորհուրդը
1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Ստանդարտացման ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է Խորհրդի նախագահից, 10 անդամներից` ստանդարտացման գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 5 պետական կառավարման մարմինների և 5 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:
3. Ստանդարտացման ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:
4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
5. Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:
6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Խորհուրդը`
1) ընդունում է որոշումներ Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության պլանավորման և գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.
2) հաստատում է Ստանդարտացման ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը և հեռանկարային գործունեության հնգամյա ռազմավարությունները.
3) ստեղծում է աշխատանքային խմբեր` Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության հետ կապված հարցերի ուսումնասիրության և համապատասխան որոշումների նախապատրաստման համար.
4) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով.
5) քննարկում է Ստանդարտացման ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և ներկայացնում է առաջարկություն` այն լիազորված պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.
6) քննարկում, հաստատում և հրապարակում է Ստանդարտացման ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.
7) սահմանում է ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային ռազմավարությունը.
8) համապատասխան շահագրգիռ մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա ընդունում է ստանդարտացման ամենամյա ծրագիրը.
9) ապահովում է ստանդարտացման ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին.
10) առաջարկություն է ներկայացնում ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծման, լուծարման, դրանց կանոնադրության և աշխատանքային ծրագրերի ընդունման վերաբերյալ, համակարգում և իրականացնում է դրանց գործունեության մշտադիտարկումը, ինչպես նաև մեթոդական ղեկավարումը.
11) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներին և համապատասխան փորձագետներին.
12) հաստատում, հրապարակում և լիազորված պետական կառավարման մարմին է ներկայացնում հաշվետվություն Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա ծրագրի կատարման վերաբերյալ.
13) իրականացնում է Ստանդարտացման ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ: