Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 2-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«սննդամթերքի բաղադրամաս (բաղադրիչ)` կենդանական, բուսական, մանրէաբանական կամ հանքային ծագման նյութ կամ մթերք, ինչպես նաև բնական կամ համադրված (սինթեզված) սննդային հավելում, որն օգտագործվում է սննդամթերքի նախապատրաստման կամ արտադրման ընթացքում և սկզբնական կամ փոփոխված տեսքով պարունակվում է վերջնական արտադրանքում.».
2) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հատուկ նշանակության սննդամթերք` սննդամթերք, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից և ունի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված դրական մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ սննդամթերքն ունի բուժիչ հատկություններ և (կամ) բավարարում է մարդկանց հետևյալ խմբերի պահանջները`
- խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,
- մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,
- առողջ մանուկների և երեխաների.».
3) հինգերորդ պարբերությունը «նախնական» բառից հետո լրացնել «(առաջնային)» բառով.
4) իններորդ, տասներորդ և տասներեքերորդ պարբերություններից հանել «(վտանգ)» բառը.
5) տասնմեկերորդ պարբերությունից հանել «(վտանգ)» բառը, իսկ «վտանգի բնութագրման» բառերը փոխարինել «ռիսկի բնութագրման» բառերով.
6) տասներկուերորդ պարբերությունից հանել «(վտանգ)» բառը, իսկ «ընտրվում են վտանգի կանխման ու» բառերը փոխարինել «ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում`» բառերով.
7) 14-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (այսուհետ` ՎԱՎԿԿՀ համակարգ)` սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որը հիմնված է հետևյալ սկզբունքների և քայլերի վրա`
- վտանգի աղբյուրների վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը և գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները,
- հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգի աղբյուրները կանխելու, վերացնելու կամ մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով,
- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի և անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է,
- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար դիտանցի ընթացակարգերի սահմանում,
- ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ դիտանցմամբ հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել վերահսկողությունից,
- պլանավորված պարբերականությամբ անցկացվող ստուգման ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության արդյունավետությունը, սահմանվում են ստուգման նպատակները, եղանակները, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը և գնահատման այլ գործողություններ, ինչպես նաև դրանց կատարման պատասխանատուները,
- ՎԱՎԿԿՀ համակարգի սկզբունքների, քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում.».
8) տասնչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«դիտանց` ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության ընթացքում դիտարկումների կամ չափագրումների պլանավորված (ծրագրավորված) միջոցառումների իրականացում` սննդամթերքի անվտանգությանն սպառնացող վտանգը վերացնելու կամ մինչև թույլատրելի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կամ գործողությունների ընթացքը ստուգելու համար.
դիտարկում՝ շուկայահանված սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող գործողությունների համալիր.».
9) տասնիններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«կենսաբանական ակտիվ հավելումներ` բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութերի առանձին կամ համակցված խտացված միավորներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար և շուկայահանվում են ճշգրտված փոքր չափաբաժիններով` հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների տեսքով.».
10) քսանվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ճառագայթահարմամբ մշակված սննդամթերք` իոնացնող ճառագայթով մշակված սննդամթերք.
նորահայտ սննդամթերք` սննդամթերք կամ սննդամթերքի բաղադրամաս, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու սպառման համար նախկինում կիրառություն չի ունեցել: Նորահայտ սննդամթերք է համարվում`
- նոր կամ նախնական մոլեկուլային կառուցվածքը կանխամտածված փոփոխության ենթարկած սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,
- մանրէներից, սնկերից կամ ջրիմուռներից կազմված կամ դրանցից անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,
- բույսերից կազմված կամ անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը և կենդանիներից անջատված սննդամթերքի բաղադրամասերը, բացառությամբ այն սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրամասերի, որոնք ստացվում են բազմացման ու բուծման ավանդական եղանակներով և հանրահայտ են որպես անվտանգ սննդամթերք,
- սննդամթերքը և սննդամթերքի բաղադրամասերը, որոնց նկատմամբ կիրառվել է նախկինում չկիրառված արտադրական գործընթաց և արդյունքում նշանակալիորեն փոփոխվել է սննդամթերքի և սննդամթերքի բաղադրամասերի կազմությունը կամ կառուցվածքը, ինչն ազդեցություն է թողել սննդամթերքի սննդային արժեքի, մարսելիության կամ դրանում անցանկալի նյութերի պարունակության վրա.
արագ սառեցված սննդամթերք` սննդամթերք, որի սառեցման ժամանակ` կախված սննդամթերքի տեսակից, առավելագույն բյուրեղացման փուլը (գոտին) անցել է հնարավորինս արագ և արդյունքում ջերմային կայունացումից հետո ստացված ջերմաստիճանը սննդամթերքի բոլոր մասերում պահպանվում է -18.0 C և ավելի ցածր ջերմաստիճան և որի շուկայահանման ժամանակ այդ հատկանիշների մասին մակնշվում է: Արագ սառեցված սննդամթերք չի համարվում ԱԱ ԱՏԳ «Պաղպաղակ և արտադրանք համանման, սառեցրած» դասի 2105.00 ծածկագրով սննդամթերքը:»: