Հոդված 8
Հոդված 8.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 312.2-րդ հոդվածով.
«Հոդված 312.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը
1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին ոչ ուշ, քան 3 օր հետո կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին:»: