Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում`
1) ծրագրեր իրականացնող Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կամ մասնավոր կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) և ֆիզիկական անձանց կողմից`
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,
բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսատուրքից և մաքսավճարից,
գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից,
դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից.
2) Հայաստանի Հանրապետությունում ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են եկամտահարկից` ծրագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով.
3) ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց`
ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,
բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող արտադրող-իրացնողների կողմից մատակարարվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից.
4) ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են`
ա) շահութահարկից,
բ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ պահվող հարկը պահելու պարտավորությունից,
գ) ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելուց պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունից.
4.1) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց.
5) ծրագրերի իրականացման հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն ազատվում է ճանապարհային վճարներից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.02.12 ՀՕ-26-Ն)