Հոդված 24.3
Հոդված 24.3.
Էթիկայի հանձնաժողով դիմելը և դիմումը քննարկելը
1. Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել`
ա) յուրաքանչյուր ոք` սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված դեպքերում.
բ) պատգամավորը` սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում:
2. Դիմումը ներկայացվում է գրավոր և պետք է պարունակի`
ա) դիմողի անունը, ազգանունը, պատգամավորի դեպքում` նաև ընտրատարածքի համարը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.
բ) դիմողի հասցեն, իրավաբանական անձի դեպքում` գտնվելու վայրը (պատգամավորի դեպքում չի ներկայացվում).
գ) սույն օրենքի 24.2-րդ հոդվածի 1-ին կետի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված դեպքերում այն պատգամավորի անունը, ազգանունը և ընտրատարածքի համարը, որին վերաբերում է դիմումը.
դ) Սահմանադրության, սույն օրենքի պահանջների խախտումը հավաստող, ինչպես նաև հարցի պարզաբանման կամ լուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
ե) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
զ) դիմողի, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը:
Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր:
3. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Էթիկայի հանձնաժողովի քարտուղարն առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:
4. Էթիկայի հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ, սակայն ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովն իր որոշմամբ սկսում է դիմումում բարձրացված հարցի քննությունը կամ մերժում է դիմումի քննարկումը:
5. Էթիկայի հանձնաժողովը մերժում է դիմումի քննարկումը, եթե`
ա) դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Էթիկայի հանձնաժողովին.
բ) դիմողն իրավասու չէ դիմումում առաջադրված հարցով դիմելու Էթիկայի հանձնաժողով.
գ) նույն պատգամավորի և նույն հիմքով ներկայացված դիմումի վերաբերյալ առկա է Ազգային ժողովի և (կամ) Էթիկայի հանձնաժողովի որոշում (եզրակացություն).
դ) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Էթիկայի հանձնաժողովում իրականացվում է հարցի քննություն:
6. Էթիկայի հանձնաժողովում հարցի քննությունը սկսելուց հետո` 3-օրյա ժամկետում, Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմողին, ինչպես նաև դիմումում նշված պատգամավորին և այլ շահագրգիռ անձանց ծանուցում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հարցի քննությանը ներգրավված իրավասու մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է հարցի քննության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:
Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը դիմումը և դրան կից փաստաթղթերը, մերժման մասին Էթիկայի հանձնաժողովի որոշման կայացման օրվանից հետո` 3-օրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին:
7. Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 20 օրով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել և հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել: Հարցի քննության ժամկետի երկարաձգման մասին Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահագրգիռ կողմերին:
8. Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է կասեցնել հարցի քննությունը, եթե`
ա) անհնարին է տվյալ հարցի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշման կամ եզրակացության ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը.
բ) Էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ: Այդ դեպքում Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը 24 ժամվա ընթացքում հարցին առնչվող բոլոր նյութերն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին (այսուհետ՝ Գլխավոր դատախազ):
Էթիկայի հանձնաժողովը կարող է կասեցնել հարցի քննությունը, եթե դիմումում նշված պատգամավորը հարգելի պատճառներով բացակայում է, և Էթիկայի հանձնաժողովը նախքան որոշում կամ եզրակացություն ընդունելը անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը` հարցի քննությանն առնչվող որոշ կարևոր հանգամանքներ նրանից պարզելու համար:
Հարցի քննությունը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո` 3-օրյա ժամկետում:
9. Հարցի քննությունը կարճվում է, եթե Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, դիմումում նշված պատգամավորի լիազորությունները դադարել են, կամ օրենքով նախատեսված այլ հիմքով Էթիկայի հանձնաժողովի եզրակացության ընդունման անհրաժեշտությունը վերացել է:
10. Էթիկայի հանձնաժողովի քարտուղարը հարցի քննությունը կարճելու, կասեցնելու և վերսկսելու վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովի որոշումները 3-օրյա ժամկետում ուղարկում է շահագրգիռ կողմերին: