Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը 24-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-24.5-րդ հոդվածներով.
«Հոդված 24.1. Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը
1. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում, ինչպես նաև յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում խմբակցությունների ներկայացմամբ կազմավորվում է Էթիկայի հանձնաժողով, որը գործում է մինչև նույն գումարման Ազգային ժողովի հաջորդ Էթիկայի հանձնաժողովի կազմավորումը:
Էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատում է, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի նախագահին և նրա տեղակալին նշանակում է Ազգային ժողովի նախագահը, եթե պահպանված են սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված սկզբունքները:
2. Խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովում ունի առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: Եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով (ներով), հետևյալ կարգով`
ա) եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին.
բ) եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում (տեղերում) մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին.
գ) լրացուցիչ անդամի (ների) առաջադրման հաջորդականությունը որոշվում է ըստ նրա (նրանց)` առաջադրման իրավունք ունեցող խմբակցությունների թվի` մեծաթվից փոքրաթիվ.
դ) լրացուցիչ անդամ (ներ) առաջադրվում է (են) մինչև Էթիկայի հանձնաժողովում ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թվի հավասարվելը:
3. Էթիկայի հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ:
Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին:
Եթե Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է`
ա) ոչ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր խմբակցությանը.
բ) ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը, ապա Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ոչ ընդդիմադիր խմբակցությանը:
4. Էթիկայի հանձնաժողովի անդամների առաջադրման, ինչպես նաև Էթիկայի հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պահպանվում է մինչև Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ավարտը:
Խմբակցություններն իրավունք ունեն փոխելու Էթիկայի հանձնաժողովում ընդգրկված իրենց անդամներին:
5. Էթիկայի հանձնաժողովի անդամի (նախագահի, նրա տեղակալի) լիազորությունները դադարում են, եթե`
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները.
բ) Էթիկայի հանձնաժողովի լիազորություններն ավարտվել են.
գ) նա տվել է հրաժարական.
դ) սույն հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված կարգով խմբակցությունը նրան փոխել է:
6. Էթիկայի հանձնաժողովի անդամի (նախագահի, նրա տեղակալի) թափուր տեղը (պաշտոնը) լրացվում է սույն հոդվածի 1-ից 4-րդ կետերով սահմանված կարգով` Էթիկայի հանձնաժողովի անդամ առաջադրելու կամ Էթիկայի հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնը զբաղեցնելու իրավունքն ունեցող խմբակցության կողմից: