ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1297-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2012 թվականի մարտի 4-7-ը Կանադայի Տորոնտո քաղաքում Կանադայի ընդերք հետազոտողների և շահագործողների ասոցիացիայի (PDAC) կողմից ընդերքօգտագործման ոլորտում ներդրումների ներգրավման նպատակով կազմակերպվող կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` ապահովել կոնգրեսին և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը:
3. Առաջարկել Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատին աջակցել ցուցահանդեսի` Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան տարածքների վարձակալության, ինչպես նաև ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների և հայկական պատվիրակության մասնակցության ֆինանսավորման հետ կապված խնդիրների լուծմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությունը ֆինանսավորվելու է իրենց միջոցների հաշվին:
4. Առաջարկել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ցուցանմուշների, ցուցադրափեղկերի և այլ նյութերի պատրաստումը` ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
դեկտեմբերի 29-ի N 1297-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Ղահրամանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար
Ե. Հովհաննիսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության պետ
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - Հայ-կանադական առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Հովսեփյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Քերոբյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան