Հոդված 22
Հոդված 22
. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
1) սահմանել սույն օրենքի 6 և 13 հոդվածներով նախատեսվող բյուջետային հատկացումների կազմին և կառուցվածքին համապատասխան Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների համակարգի հիմնարկների 1997 թվականի պահպանման ծախսերի և նրանց միջոցով իրականացվող միջոցառումների նախահաշիվները.
2) Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի ստացված մուտքերի սահմաններում: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում պաշտպանվածության են ենթակա և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամբողջ ծավալով ֆինանսավորվում են հետևյալ ծախսերը`
ա) պետական նպաստներ, սոցիալական և փոխհատուցման վճարներ, աշխատավարձ (դրամական բավարարում)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության հիմնադրամին կատարվող մասհանումները,
բ) պետական ներքին և արտաքին պարտքի սպասարկման և մարման ծախսերը,
գ) ռազմական կարիքների սպասարկման գծով ծախսերը,
դ) միջպետական պայմանագրերին համապատասխան կատարվող վճարումները,
ե) համայնքների բյուջեներին տրվող դոտացիաները.
3) Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի, ինչպես նաև հարկաբյուջետային բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի ընդունման դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեում.
4) մինչև 2000 թվականի հունվարի 1-ը երկարաձգել 1996 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված միջպետական վարկի մարումը` 4508,0 միլիոն դրամ գումարով.
5) 1997 թվականին համայնքների բյուջեներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հասանելիք դոտացիաների գումարների հաշվարկման համար միասնական մոտեցումների ապահովման նպատակով սույն օրենքի հրապարակման օրվանից հաշված երկու շաբաթվա ընթացքում հաստատել համայնքներին` օրենքով վերապահված պարտադիր լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերի նվազագույն նորմատիվները, որոնք պետական բյուջեից դոտացիա ստանալու պահանջ չներկայացնող համայնքների համար պարտադիր չեն և կրում են խորհրդատվական բնույթ.
6) սույն օրենքի հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում հաստատել համայնքներին Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեից կարճատև փոխատվություններ տրամադրելու հայտերի կազմման, ընդունման, քննարկման և փոխատվությունների տրամադրման կարգը.
7) 1997 թվականին` մինչև սույն օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, վճարված` տվյալ համայնքին հասանելիք գույքահարկի և պետական տուրքի գումարների և նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից այդ համայնքի պարտադիր լիազորությունների ֆինանսավորման նպատակով կատարված ծախսերի տարբերությունը վերադարձնել վերջինիս բյուջե:
Եթե 1997 թվականին` մինչև սույն օրենքի ընդունումը տվյալ համայնքի պարտադիր լիազորությունների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված ծախսերը գերազանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված այդ համայնքին հասանելիք գույքահարկի և պետական տուրքի գումարները, ապա տարբերությունը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նշված համայնքին տրամադրված կարճատև բյուջետային փոխատվություն: