Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԾՈՎԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմանների և ծովային տնտեսական գոտիների պահպանության մասին

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Համագործակցության մասնակից պետություններ,

համաձայն 1991 թվականի դեկտեմբերի 30-ի՝ Զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի Համաձայնագրի,

ելնելով Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմանների և ծովային տնտեսական գոտիների պահպանության շահերի համար փոխընդունելի որոշումների իրականացման անհրաժեշտությունից` հաշվի առնելով այդ սահմանների անձեռնմխելիության ապահովման ձևավորված համակարգը և սկզբունքները,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

Հ ո դ վ ա ծ 1

Սույն Համաձայնագրում ներքոհիշյալ հասկացությունները նշանակում են.

1. «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմաններ»` Համագործակցության մասնակից անկախ պետությունների պետական սահմանների հատվածները Համագործակցության կազմի մեջ չմտնող պետությունների հետ,

2. «Սահմանապահ զորքեր»` Համագործակցության և պետությունների սեփական Սահմանապահ զորքերի կազմավորումներ,

3. «Սեփական սահմանապահ զորքեր»` Համագործակցության մասնակից պետությանը պատկանող սահմանապահ զորքերի կազմավորումներ,

4. «Համագործակցության սահմանապահ զորքեր»` սեփական սահմանապահ զորքերին չվերաբերող սահմանապահ զորքերի կազմավորումներ:

Հ ո դ վ ա ծ 2

Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմանների և ծովային տնտեսական գոտիների պահպանությունը իրականացնում են Համագործակցության կամ պետությունների սեփական սահմանապահ զորքերը:

Հ ո դ վ ա ծ 3

Համագործակցության մասնակից պետությունները, իրենց անվտանգության նկատառումներից ելնելով, պարտավորվում են պետական սահմանի վրա և ծովային տնտեսական գոտիներում գործողություններ չձեռնարկել, որոնք վնաս են հասցնում Համագործակցության մյուս մասնակից պետությունների քաղաքական, տնտեսական և այլ շահերին: Պետական սահմանների ռեժիմի սահմանումը և փոփոխումը իրականացվում է փոխադարձ պայմանավորվածությամբ, սահմանակից պետությունների հետ` հաշվի առնելով Համագործակցության մասնակից պետությունների շահերը:

Հ ո դ վ ա ծ 4

Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմանների և ծովային տնտեսական գոտիների պահպանության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության բարձրագույն համակարգող մարմին է հանդիսանում Պետությունների ղեկավարների խորհուրդը: Պետական սահմանների և ծովային տնտեսական գոտիների պահպանության ապահովման համար միջոցառումների համակարգումը իրականացնում է Կառավարությունների ղեկավարների խորհուրդը:

Համագործակցության մասնակից պետությունների պետական սահմանների, ծովային տնտեսական գոտիների պահպանության հարցերով պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումների իրականացումը և Սահմանապահ զորքերի գործունեության համակարգումը իրականացնում է Սահմանապահ զորքերի միացյալ հրամանատարությունը:

Միացյալ հրամանատարության Կանոնադրությունը հաստատում է պետությունների ղեկավարների Խորհուրդը:

Համագործակցության Սահմանապահ զորքերի ղեկավարությունը իրականացնում է պետությունների ղեկավարների Խորհրդի կողմից նշանակված Սահմանապահ զորքերի գլխավոր հրամանատարը:

Հ ո դ վ ա ծ 5

Մինչև Համագործակցության մասնակից պետությունների կողմից սահմանների, ծովային տնտեսական գոտիների և դրանց ռեժիմի մասին միջպետական համաձայնագրերի կնքումը, Սահմանապահ զորքերի կազմակերպումը և գործունեությունը կարգավորվում է Համագործակցության ակտերով, պետությունների ազգային օրենսդրությամբ և դրանց չհակասող նախկին ԽՍՀՄ նորմատիվ ակտերով:

Համագործակցության Սահմանապահ զորքերի համալրման, ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման հարցերը և դրանց զինծառայողների սոցիալ-իրավական կարգավիճակը կանոնակարգվում է Համագործակցության մասնակից պետությունների հատուկ համաձայնագրերով:

Հ ո դ վ ա ծ 6

Սույն Համաձայնագիրը իր բոլոր մասնակիցների համաձայնությամբ բաց է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններ չհանդիսացող պետությունների միանալու համար:

Կատարված է Կիև քաղաքում 1992 թվականի մարտի 20-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 20-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։