Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-26-ից մինչև 2007-05-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-05-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ III · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

գործել է մինչև 2007-05-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ)` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսվա 20-ին: Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):

2. (6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

4. Գործատուն յուրաքանչյուր ամսվա արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին է ներկայացնում սոցիալական վճարների հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով:

Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով:

4.1. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0,15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադիրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 օրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք` դրա հետևանքով չմուծված սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սոցիալական վճարի ընդհանուր գումարն է:

Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: Նշված դրույթը չի կիրառվում վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրքը սահմանված կարգով չվարելու կամ սահմանված կարգի խախտումով վարելու դեպքերում` այդ դեպքում սոցիալական վճարները հաշվարկվում (վերահաշվարկվում) են ընդհանուր սահմանված կարգով:

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով:

Չկատարված սոցիալական վճարների պարտավորության (ապառք, տույժ, տուգանք) չափը 500.000 և ավելի դրամ կազմելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` լիազորված մարմնի ղեկավարն իրավունք ունի ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության համարժեք գույքի վրա արգելանք դնելու մինչև դատարանի կողմից վճռի կայացումը, բացառությամբ օրենքով սահմանված այն գույքի, որի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը չի գերազանցում 30 օրը:

Սույն մասով նախատեսված արգելանքն առաջնահերթության կարգով կիրառվում է նախ` ապահովադրի բանկային հաշիվների նկատմամբ, ապա` ապահովադրի անշարժ գույքի նկատմամբ, այնուհետև` ապահովադրի այլ ակտիվների նկատմամբ:

Դատարանի վճռից հետո լիազորված մարմինը ապահովում է բռնագանձված գույքի իրացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լիազորված մարմնի կողմից ապահովադրի գույքի արգելադրումից հետո` 30-օրյա ժամկետում, դատարանի վճիռը չապահովելու դեպքում ապահովադրի գույքը համարվում է արգելանքից հանված:

Որպես սոցիալական վճարների պարտավորության կատարման ապահովման միջոց` լիազորված մարմնի և ապահովադրի միջև կարող է կնքվել գրավի պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ տվյալները հրապարակում է լիազորված մարմինը, մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(պարբերությունը ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-19-Ն)

Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում է տեղեկատվություն՝1) մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

ա) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,

բ) 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ:

9. Սոցիալական վճարումների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

10. Սույն հոդվածով սահմանված հայտարարագրերի, հաշվետվությունների և տեղեկությունների ձևը ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 26.12.02 ՀՕ-503-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 16.12.05 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։