Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`
ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.
բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով.
գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.
դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.
ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավելի վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:
2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`
ա) հաշվառվել լիազորված մարմնում.
բ) լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.
գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:
3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկավճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում տարեկան համախառն եկամուտները որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:
(11-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-252-Ն)