Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`
ա) մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.
բ) երեք հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:
Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`
ա) երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը.
բ) վեց հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով, և նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:».
2) 2-րդ մասի`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`
ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.
բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:»,
բ. երկրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, և նույն պարբերությունը «բայց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով`» բառերով,
գ. երրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, և նույն պարբերությունը «բայց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով`» բառերով.
3) 5-րդ մասի առաջին պարբերությունում`
ա. երրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչև գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված դիմումի ձևը սահմանում է վերադաս հարկային մարմինը:»,
գ. «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի և գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ և ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված նույն գործունեության տեսակին:
Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ կասեցումը չկիրառելու համար վճարվող տուգանքների, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»: