Հոդված 9.5
Հոդված 9.5.
Դրոշմապիտակների նմուշների, տեխնիկական պահանջների և արժեքի սահմանումը, դրոշմապիտակները կիրառության մեջ դնելը և կիրառությունից հանելը
1. Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում` ձևը, գույնը, ըստ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքատեսակների և տարողության) և տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Ներմուծվող և տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով և համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով:
2. Դրոշմապիտակի դարձերեսը պետք է ծածկված լինի փակցնելուց հետո այն անվնաս պոկելու հնարավորությունը բացառող սոսնձով:
3. Դրոշմապիտակի արժեքը որոշվում է տվյալ նմուշի դրոշմապիտակի արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Յուրաքանչյուր օրացուցային տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դրոշմապիտակների սահմանված արժեքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր տարվա սկզբից առնվազն մեկ ամիս առաջ: Սույն մասով սահմանված ժամկետում դրոշմապիտակների արժեքը չհրապարակվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակի նախորդ տարվա արժեքը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում և կիրառությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
5. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների օտարումը թույլատրելի լինելու ժամկետից հետո կարող է իրականացվել անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից ապրանքների` նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակով վերադրոշմավորված) լինելու դեպքում: