Հոդված 9.4
Հոդված 9.4.
Դրոշմապիտակներով դրոշմավորման (վերադրոշմավորման) կանոնները
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` սույն օրենքի 9.3-րդ հոդվածի համաձայն ձեռք բերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:
3. Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծող անձի կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:
4. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:
5. Ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքախմբի համար դրոշմապիտակի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը: