Հոդված 10
Հոդված 10.
Օրենսգրքով նախատեսված նոր ստեղծվող դատարաններում և գործող դատարաններում թափուր և ավելացող դատավորների և դատարանների նախագահների պաշտոններում նշանակումները կատարվում են ոչ ուշ, քան մինչև 2007 թվականի դեկտեմբերի 20-ը:
Նշված պաշտոններում նշանակումները կատարվում են հետևյալ կարգով.
1) ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում նշանակումը կատարվում է գործող (պաշտոնավարող) դատավորների թվից և դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակից.
2) վերաքննիչ դատարանում թափուր տեղ առաջանալու դեպքում նշանակումը կատարվում է առաջին ատյանի դատավորների, ինչպես նաև վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորների ծառայողական առաջխաղացման 2007 թվականի ցուցակներից:
Ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում դատավորների և դատարանների նախագահների թափուր պաշտոններում նշանակումներ կատարելու համար արդարադատության խորհրդին եզրակացության կամ առաջարկության ձևավորման նպատակով թեկնածություններ կարող են ներկայացնել վճռաբեկ դատարանի նախագահը, ինչպես նաև արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ:
Արդարադատության խորհուրդը եզրակացություն կամ առաջարկություն ձևավորելու նպատակով անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են բոլոր ներկայացված թեկնածությունները: Յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Նախընտրած թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարվում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Մեկ ձայնից ավելի ձայներ պարունակող քվեաթերթիկները համարվում են անվավեր:
Եթե թափուր տեղի համար քվեարկվում են մեկից ավելի թեկնածուներ, ապա քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Եթե թափուր տեղի համար քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա Հանրապետության Նախագահին է առաջարկվում, եթե ստացել է արդարադատության խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: