Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
1. Բացառությամբ այն դեպքերի, երբ ուղղակիորեն այլ բան է նշված կամ տեքստի իմաստով այլ բան է ենթադրվում, սույն Կոնվենցիայում օգտագործվում են հետևյալ սահմանումները.
ա/ «Կոմիտե» նշանակում է Թմրամիջոցների նկատմամբ հսկողության միջազգային կոմիտեն:
բ/ «Կանեփ» նշանակում է կանեփ բույսի գլխիկները` ծաղիկներով կամ պտուղներով /բացառությամբ սերմերի և տերևների, եթե դրանք գլխիկների հետ միասին չեն/, որոնցից բուսախեժը քամած չի, ինչ անվանումով էլ դրանք չսահմանվեն:
գ/ «Կանեփ բույսը» նշանակում է Cannabis ցեղատեսակի ցանկացած բույս:
դ/ «Կանեփի բուսախեժ» նշանակում է քամված բուսախեժը` զտած կամ չզտած, որն ստացվել է կանեփ բույսից:
ե/ «Կոկաինի թուփ» նշանակում է Erythroxylon ցեղատեսակի ցանկացած բույս:
զ/ «Կոկայի տերև» նշանակում է կոկաինի թուփի տերևը` բացառությամբ տերևների, որոնցից քամված է ամբողջ էկգոնինը, կոկաինը և էկգոնինի այլ ալկալոիդները:
է/ «Հանձնաժողով» նշանակում է Խորհրդի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը:
ը/ «Խորհուրդ» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերով խորհուրդը:
թ/ «Մշակում» նշանակում է ափիոնի խաշխաշի, կոկաինի թուփի կամ կանեփ բույսի մշակումը:
ժ/ «Թմրամիջոց» նշանակում է 1-ին և 2-րդ ցանկում ընդգրկված ցանկացած նյութ` բնական կամ սինթետիկ:
ժա/ « Գլխավոր ասամբլեա» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան:
ժբ/ «Ապօրինի շրջանառություն» նշանակում է թմրամիջոցների մշակումը կամ վաճառահանումը` ի խախտումն սույն Կոնվենցիայի դրույթների:
ժգ/ «Ներմուծում» և «արտահանում» նշանակում են, յուրաքանչյուրն իր իմաստով, թմրամիջոցների ֆիզիկական տեղափոխումը մեկ պետությունից մեկ այլ պետություն, կամ նույն պետության մեկ տարածքից մեկ այլ տարածք:
ժդ/ «Պատրաստում» նշանակում է բոլոր այն գործընթացները` բացառությամբ արտադրության գործընթացների, որոնց արդյունքում կարող են ստացվել թմրամիջոցներ, այդ թվում զտած, ինչպես նաև մեկ տեսակի թմրամիջոցների վերափոխումը այլ տեսակի թմրամիջոցների:
ժե/ «Բժշկական ափիոն» նշանակում է ափիոնը, որը ենթարկվել բուժական նպատակներով դրա հետագա օգտագործման համար անհրաժեշտ մշակման:
ժզ/ «Ափիոն» նշանակում է ափիոնի խաշխաշի մակարդված հյութը:
ժէ/ «Ափիոնի խաշխաշ» նշանակում է Papaver somniferum L. ցեղատեսակի բույսը:
ժը/ «Խաշխաշի ծղոտներ» նշանակում են հնձած ափիոնի խաշխաշի բոլոր մասերը /բացառությամբ սերմերի/:
ժթ/ «Պատրաստուկ» նշանակում է որևէ թմրամիջոց պարունակող խառնուրդ` կարծր կամ հեղուկ:
ժժ/ «Արտադրություն» նշանակում է ափիոնի, կոկայի տերևների, կանեփի և կանեփի բուսախեժի առանձնացումը այն բույսերից, որոնցից դրանք ստացվում են:
ժժա/ «Ցանկ 1», «Ցանկ 2», «Ցանկ 3» և «Ցանկ 4» նշանակում են սույն Կոնվենցիայի հավելվածներ հանդիսացող համապատասխան կերպով համարակալված թմրամիջոցների կամ պատրաստուկների ցանկեր, որոնք կարող են փոփոխվել 3-րդ հոդվածին համապատասխան:
ժժբ/ « Գլխավոր քարտուղար» նշանակում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար:
ժժգ/ «Հատուկ պահեստային պաշարներ» նշանակում են թմրամիջոցների այն խմբաքանակները, որոնք գտնվում են պետության կամ տարածքի սահմաններում` այդ պետության կամ տարածքի Կառավարության տրամադրության տակ` հատուկ պետական նպատակների և արտակարգ դեպքերի համար; «հատուկ նպատակներ» արտահայտությունը պետք է համապատասխանեն կերպով մեկնաբանվի:
ժժդ/ «Պահեստային պաշարներ» նշանակում են թմրամիջոցների այն խմբաքանակները, որոնք գտնվում են որևէ պետության կամ տարածքի սահմաններում և նախատեսված են.
i) տվյալ պետության կամ տարածքի սահմաններում բժշկական կամ գիտական նպատակներով օգտագործման համար, կամ
ii) տվյալ պետության կամ տարածքի սահմաններում թմրամիջոցների կամ այլ նյութերի պատրաստման համար, կամ
iii) արտահանման համար` բացառությամբ տվյալ պետության կամ տարածքի սահմաններում գտնվող թմրամիջոցների այն խմբաքանակների, որոնք գտնվում են.
iv) մանրածախ դեղագործների կամ համապատասխան թույլտվություններ ունեցող այլ մանրածախ վաճառողների, ինչպես նաև բուժական կամ գիտական գործունեության իրականացման նպատակով հաստատությունների կամ մասնագետների տրամադրության տակ, ինչի համար վերջիններս պետք է ունենան համապատասխան թույլտվություն, կամ
v) «հատուկ պահեստային պաշարների» տեսքով:
ժժե/ «Տարածք» նշանակում է որևէ պետության մի մաս, որը դիտարկվում է որպես առանձին միավոր` 31-րդ հոդվածով նախատեսված ներմուծման և արտահանման թույլտվությունների համակարգի կիրառման նպատակների համար: Տվյալ սահմանումը չի վերաբերվում «տարածք» հասկացությանն, ինչպես այն օգտագործվում է 42-րդ և 46-րդ հոդվածներում:
2. Սույն Կոնվենցիայի նպատակների համար, թմրամիջոցը համարվում է «սպառված», եթե այն առաքվել է որևէ անձի կամ հաստատության` մանրածախ տարածման, բժշկական օգտագործման կամ գիտահետազոտական աշխատանքների նպատակով. «սպառում» տերմինը մեկնաբանվում է համապատասխան կերպով: